«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանին չեն գոհացնում այն գործողությունները, որոնք իրականացվել են Գյումրին 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո վերականգնելու համար:

«Իշխանությունը թերացել է աշխատատեղերի ստեղծման հարցում»,-այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Վարդան Ղուկասյանը:

«Հավանական է, որ կան գյուղեր, որոնք ավելի շատ աշխատատեղեր ունեն, քան Հայաստանի երկրորդ քաղաքը: Եղեռնի ժամանակ ավելի շատ աշխատատեղեր կար Ալեքսանդրապոլում, քան 21-րդ դարում: Ինչքան էլ բնակարան կառուցվի, մարդը մի շաբաթ հետո սովամահ է լինելու եւ այդ բնակարանը վաճառելու է, թողնելու, հեռանալու է, ինչը հիմա տեղի է ունենում: Ցավում եմ, որ այդպիսի վիճակ է: Ես կողմնակից եմ, որ ոչ թե Երեւանում 150 միլիոնանոց թաղամաս կառուցել, այլ պահպանել եղածը»,-ընդգծեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է Գյումրի-Երեւան ճանապարհին, Վարդան Ղուկասյանը նշեց, որ այդ ճանապարհը հիմա կառուցվում է, որով տուրիստները կես ժամ հետո կլինեն Գյումրիում. «Ես դրան եմ կողմնակից, կողմնակից եմ, որ Երեւանը այդքան չուռճացնեն: 85 մլրդ Երեւանի բյուջեն է, Գյումրիինը՝ 3 մլրդ է: Հայաստանի բոլոր քաղաքներն ու գյուղերը միասին 50 մլրդ-ից ավելի գումար չի կազմում, իսկ մենք մեծացնում ենք Երեւանը: Ինչքա՞ն պետք է մեծացնենք, ուզում ենք մայրաքաղաք-հանրապետությո՞ւն լինի»: