Կրթական եւ գիտական ոլորտի աջակցության համար պետական մակարդակով շատ քիչ բան է արվում: Այս մասին դեկտեմբերի 6-ին ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ելք» դաշինքի խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

Նրա խոսքով՝ մասնավոր ֆինանսավորում ունեցող դպրոցները լաբորատորիաներ են բացում, մինչդեռ պետությունը միայն ուսուցիչների աշխատավարձն է հատկացնում: «Ակնհայտ է, որ սա բավարար չէ: Անհրաժեշտ է հասկանալ, որ տանը գտնվելով՝ յուրաքանչյուր ծրագրավորող  երկրին մինչեւ 10 հազար դոլար է բերում մեկ շնչի հաշվով: Այս ոլորտը զարգացնելով՝ մենք կկարողանանք երկիր միջոցներ բերել, որոնք մի քանի անգամ կգերազանցեն այն եկամուտները, որոնք ստանում ենք արդյունաբերությունից»,- ասաց Գորգիսյանը՝ հավելելով, որ Հայաստանում այս ոլորտը զարգացնելով՝ կարելի է աշխատատեղերի ստեղծման այնպիսի մակարադակի հասնել, որ պետական սահմանները կվերահսկեն ոչ թե 18-20 տարեկան երիտասարդները, այլ հատուկ դրա համար ստեղծված ռոբոտատեխնիկան: Սա, ընդդիմադրի կարծիքով, կհանգեցնի Զինված ուժերի անձնակազմի նվազագույն կորուստների: