Այն, որ երկրի վարչապետն ու փոխվարչապետն ԱԺ-ում չեն բյուջեի քննարկման ժամանակ, դա լավ բնութագրում է բյուջեի նկատմամբ վերաբերմունքը՝ նրանց բյուջեն չի հետաքրքրում, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը կսղղացնի ու կանցկացնի նախագիծը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Դրա համար Կառավարության մի քանի ներկայացուցիչներ են ներկա, որոնք վստահաբար ձանձրանում են ընդդիմության ելույթներից, որովհետեւ գիտեն կա քաղաքական որոշում եւ վաղն առավոտյան այստեղ դակվելու է»,-ասաց Զոհրաբյանը: 
Նրա խոսքով, Կառավարությունը, երբ նոր էր ձեւավորվել, լավ մեսիջներ էր հղում հանրությանը՝ կոռուպցիայի վերացում, տնտեսության ազատականացում, հավասար մրցակցային պայմաններ բոլորի համար, բայց այսօր ունենք զրո արդյունք. «Օրինակ՝ Կոռուպցիայի ցուցանիշներով Հայաստանն ամոթալի 132 տեղում է, սա այն դեպքում, երբ Վրաստանը առաջին 50-ի մեջ է: Պետական պարտքի մասով՝ 2018թ. հունվարի 1-ից յուրաքանյուր քաղաքացու՝ մեկ օրականից մինչեւ հարյուր տարեկան, վրա պետական պարտքը կլինի 220 000 դոլար, որը պրոգրեսիվ թռիչքով շարունակում է աճել: Ըստ իշխանամետ ԱՎԾ-ի՝ յուրաքանչյուր 3-րդ ՀՀ քաղաքացի աղքատ ու ծայրահեղ աղքատ է: Իսկ օրական յուրաքանչյուր քաղաքացի վաստակում է 1000 դրամ: Ընդամենը ներդրումային գույնզգույն փուչիկների մասին են խոսում»,-ընդգծեց Զոհրաբյանը:

Նրա խոսքով, այս կառավարությունը չունեցավ քաղաքական խիզախություն, որ կտրի այն արատավոր ճյուղը, որի վրա հանգիստ նստած են տնտեսական մոնոպոլիստները. «Որոնք անընդհատ անբարեխիղճ դեմպինգ են անում, որ որեւէ մեկ այլ անձ, ով չի պատկանում այս կլանին, մտնի այդ տնտեսական շուկա, որովհետեւ այդ ճյուղի վրա նստեցին իրենք եւ իրենց նեղ թիմի ներկայացուցիչները»: 
Նա զուգահեռ անցկացրեց Հայաստանի եւ Մոզամբիկի միջեւ՝ նշելով, որ Մոզամբիկի բյուջեով կրթության եւ գիտությանը հատկացվել է ՀՆԱ-ի 1,8 տոկոսը, իսկ մեր բյուջեով 1,6 տոկոսը:

«Այս կառավարությունը ամրացրեց կոռուպցիան, տնտեսական մենաշնորհները, իրենք տեղավորվեցին, մերձավորներով ու թիմակիցներով»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նա հայտարարեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին: