Աղետի գոտու բնակարանային ապահովման պետական ծրագրով իրականացված աշխատանքների շնորհիվ շուրջ 3543 քաղաքային բնակավայրերում ապրող ընտանիք, որոնք ծրագրի շահառուներ են, ապահովվել է բնակարանով: Այս մասին այսօր` դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման եւ կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:
Նա նշեց, որ ծրագիրն իր առջեւ դրված խնդիրն հիմնականում իրականացրել է. քաղաքային բնակավայրերում ապրող շահառուների բնակարանային հարցն ամբողջությամբ լուծվել է եւ այժմ լուծված չէ շուրջ 540 ընտանիքի խնդիր, որոնք մեծ մասամբ Լոռու մարզի, Շիրակի եւ Արագածոտնի մարզերի գյուղական համայնքներում են ապրում:
Գյուղական համայնքներում ապրող շահառուների բնակարանային հարցը նախատեսվում է լուծել մինչեւ 2020 թվականը: «Ամենաշատը Լոռու մարզի գյուղական համայնքներում ապրող շահառուների բնակարանային խնդիրն է, շուրջ կես միլիարդ դրամ է նախատեսված, որպեսզի լուծվի նաեւ նրանց բնակարանային հարցը»,-ասաց նա:
Տանյա Արզումանյանի խոսքով, այժմ նաեւ քայլեր են իրականացվում, որպեսզի լուծվի տնակային համայնքներում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրը. 6 ամսյա ժամկետում փաստագրում կարվի` հասկանալու ինչքան տնակներ կան, ինչ նպատակով են դրանք օգտագործվում եւ ինչ հանգամանքներում են բնակիչները հայտնվել տնակներում:




























