Հայկական փոքր ու միջին ձեռնարկությունների՝ կապիտալի շուկա դուրս գալու ճանապարհին հիմնական խոչընդոտը ֆինանսական ռեսուրսների հասանելիության խնդիրն է: Այդպիսի կարծիք  է հայտնել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի  «Ազգային արժույթի եւ կապիտալի շուկաների զարգացում» ծրագրի ղեկավար Հանես Տակաշը Երեւանում դեկտեմբերի 6-ին կայացած ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր ֆինանսական խորհրդատուների՝ «Կապիտալի շուկաների գործիքներ ՓՄՁ-ների ֆինանսավորման համար» թեմայով վերապատրաստման դասընթացների մեկնարկին:

Նրա խոսքով՝ այդ խնդիրը վերացնելու համար անհրաժեշտ է ֆինանսական խորհրդատուներին զինել անհրաժեշտ հմտություններով ու ՓՄՁ-ներին պարտավորությունների ու ներդրումային գործիքների շուրջ խորհրդատվական ծառայություններ տրամադրելու փորձով՝ ֆինանսական աղբյուրների դիվերսիֆիկացման նպատակով:

«Դա անհրաժեշտ է, քանի որ Հայաստանում շատ ընկերություններ պատկերացում չունեն կապիտալի շուկայի հնարավորությունների ու նաեւ այն դժվարությունների մասին, որոնց կարող են հանդիպել բաժնետիրական ֆինանսավորում ստանալու ժամանակ», - նշել է նա՝ հավելելով, որ դասընթացը կօգնի բարձրացնել հայկական ՓՄՁ-ներին տրվող խորհրդատվական ծառայությունների արդյունավետությունը:

Հայաստանում ՎԶԵԲ ՓՄՁ ֆինանսավորման եւ զարգացման խմբի Փոքր ու միջին գործարարության խորհրդատվության ազգային ծրագրի ղեկավար Տիգրան Աղաբեկյանն իր հերթին նշել է, որ հենց ֆինխորհրդատուների որակավորման բարձրացման համար է ՎԶԵԲ-ը մեկնարկել որակավորման եռօրյա դասընթացը:

Ծրագրին կմասնակցի Հայաստանից 20 խորհրդատու:

«Ծրագիրն ուղղված է խորհրդատուներին անհրաժեշտ հմտություններով զինելուն եւ ՓՄՁ-ներին պարտավորությունների ու ներդրումային գործիքների շուրջ խորհրդատվական ծառայություններ տրամադրելու փորձին՝ ֆինանսական աղբյուրների դիվերսիֆիկացման նպատակով», - հստակեցրել է նա:

Ծրագրի հիմնական թեմաներն են՝ կապիտալի շուկաները, այդ շուկաների ռիսկերը, ՓՄՁ-ներին հասանելի ֆինանսական գործիքները, ներդրումային պատրաստվածության բարձրացման ցուցիչները: