Մեր հասարակության մեջ լրջագույն խնդիրներ կան, որոնք քաղաքակրթական են համարվում: Այս մասին դեկտեմբերի 6-ին ԱԺ-ում «Ընտանիքում բռնության կանխման, ընտանիքում բռնության ենթարկվող անձանց պաշտպանության եւ ընտանեկան բարեկեցության վերականգնման մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Նրա խոսքով՝ տեղ են գտնում կարծիքներ, որոնք հայկական ընտանեկան արժեքների վերաբերյալ աղավաղված պատկերացումներ են ներկայացնում: «Մենք այն ժողովուրդներից մեկն ենք, որն այս պատկերացումները ձեւավորել է, բայց, ցավոք, պետականությունից զրկված լինելով, հայտնվելով մեր շրջապատի պարտադրվող ազդեցության տակ, դարձել է մեր ընտանեկան արժեքների աղավաղման զոհը»,- պարզաբանեց Վարդանյանը՝ հավելելով, որ խոսքը կեղծ ազգային եւ կեղծ ավանդական պատկերացումների մասին է:
Նրա կարծիքով՝ ավանդական ընտանիքը այն հայ ընտանիքն է, որն ապրում է խաղաղության, փոխադարձ հարգանքի, բռնության մերժման մթնոլորտում:




























