Երբ ասում են, թե ոչ ոք կողմ չէ ընտանեկան բռնությանը եւ ընդհանրապես բռնությանը, բայց դա ասելուց հետո «բայց» է դնում, մտքի ամբողջ ուժգնությունը կոտրվում է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

«Ընտանեկան հարաբերությունները կարգավորված չեն եւ չեն էլ կարգավորվելու օրենսդրությամբ: Համերաշխությունը չի լինում օրենքով, համերաշխության վերականգնումն էլ չի լինելու օրենքով: Պետք է ազդակ ուղղել հանրությանը, որ որեւէ մեկը չի միջամտում ձեր ընտանեկան կյանքին, եւ եթե այն բռնությունը, որը կիրառել եք այն ընտանիքում, որն ուզում էիք ստեղծել եւ եթե կա որեւէ խնդիր այդտեղ, ապա հնարավոր է որեւէ գործիքակազմով այդ խնդիրը լուծել՝ նպաստելով համերաշխության վերականգնմանը, ոչ թե վերականգնել համերաշխությունը»,-ասաց նա:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով, երբ մարդու կյանքին վտանգ է սպառնում, դժվար ոստիկանը սխալ ենթադրի, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին ծեծում է. «Ոչ ոք ոստիկանին թույլ չի տալիս մտնել ընտանիք, որտեղ ինչ-որ կասկած կա, որ դիցուք հոգեբանական բռնություն է կիրառվել: Իրական խնդիր ունե՞նք, թե ոչ: Ավանդական հայկական ընտանիք, որ այդքան անվանում ենք, արդյոք այն ընտանիքն է, որտեղ սեռական բռնություն է գործադրվում անչափահաս երեխայի նկատմամբ: Վիճակագրությունը դա է փաստում, ուզենք, թե չուզենք։ Բաց աչքերո՛վ եկեք նայենք իրականությանը: Այդ խնդիրը կա, ցավոք»,-հայտարարեց Հովհաննիսյանը:

ԱԺ փոխնախագահը նշեց, որ եթե հասարակության մեջ կան ընտանիքներ, որոնք «ընտանիքի մի անդամին վերագրում են գլխավոր իրի, իսկ մյուսին` պատկանելիքի կամ աքսեսուարի դեր», բայց դա բացառապես այդ ընտանիքի ներքին գործն է:

«Պետությունը չի կարող միջամտել, քանի դեռ այդ կարգավիճակն ունեցողներից որևէ մեկը չի բարձրաձայնում իրական խնդրի գոյության մասին»,-ասաց նա: