ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ քննարկում է նախաձեռնում:
«Իմ եւ մի շարք այլ պատգամավորների նախաձեռնությամբ ս/թ դեկտեմբերի 18-ին ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրվելու է նիստ՝ քննարկելու համար «Պապիլոմա» վիրուսի դեմ պատվաստումների թեման։ Հրավիրվելու են Առողջապահության նախարարության ներկայացուցիչներ։
Եթե կան բժշկական, գիտական կամ փորձագիտական որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր ընդդեմ պատվաստումների փաստարկներ ունեն եւ ցանկանում են մասնակցել նիստին, խնդրում եմ գրել [email protected] էլեկտրոնային փոստին։ Նամակին խնդրում եմ կցել որակավորումը հավաստող որեւէ փաստաթուղթ եւ հեռախոսի համար»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանում մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը կմեկնարկի դեկտեմբերի 11-ից, սակայն ոչ թե դպրոցներում, այլ տեղամասային պոլիկլինիկաներում։ Պատվաստումն իրականացվելու է 13-14 տարեկան աղջիկների շրջանում, իսկ ավելի հստակ կպատվաստվեն 2004-ի հուլիսից հետո ծնված աղջիկները, որոնց թիվը կազմում է շուրջ 16 հազար։ Պատվաստվելու են «Գարդասիլ» քառավալենտ պատվաստանյութով:




























