«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պնդում է, որ իր ղեկավարած տարիներին 17 հազար բնակարանի հարց է լուծել եւ մեղքի զգացում չունի, որ մինչեւ հիմա Գյումրիում կան անօթեւաներ եւ տնակներ։ NEWS.am–ի հետ զրույցում նա հայտարարեց, թե Մուշ թաղամասի շենքերը կառուցվել են իր արյան գնով։
«Մուշի բնակարանները իմ արյան գնով կառուցվեց, որովհետեւ շատ եմ բարձրաձայնում ճշմարտության մասին։ Ես էն քաղաքապետերից չեմ եղել, որ վախենամ գրություն ուղարկեմ, թե քաղաքին սա է պետք, նա է պետք։ Չեմ ուզում շատ մանրանամ, հավանական է, որ չէի կարող ավելին անել, իմ օրոք 40 հազար տնակ է հանվել, 17 հազար բնակարան է կառուցվել»,-ասաց Ղուկասյանը:
Նախկին քաղաքապետը դեռեւս գոյություն ունեցող աղետի գոտու հարցում մեղադրեց գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ վերջինիս անունը չհնչեցնելով. «Ինչ մնում է 1500 անօթեւաններին, եթե լավ ղեկավարներ լինեին, էդ 1500–ի հարցը լուծված կլիներ։ Պետք է կարողանաս քո մարզի պահանջը օբյեկտիվ ներկայացնել, ոչ թե քո աթոռը պահելու համար ձայնդ կտրես խելոք նստես, ասես՝ ավելի լավ է լռեմ, քան թե պրոբլեմ ստեղծեմ, որ ինձ գործից հանեն, որովհետեւ մարդիկ կան, որ գործը պաշտամունք են դարձրել։ Գործը, փողը պաշտամունք են դարձրել»։
Մեր ճշտող հարցին՝ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի՞ն նկատի ունի, նա պատասխանեց. «Ուրիշ ով պետք է լինի, էլցանցի աշխատողները պիտի հարցը լուծե՞ն, թե՞ հավաքարարները։ Երեք անգամ պատգամավոր են ընտրվել, դրանց ձայնը չեն լսել»։




























