Հնարավոր է՝ Ճապոնիայի կառավարությունն արագացնի իր տարածքում ամերիկյան ՀՀՊ Aegis Ashore համակարգերի տեղակայման գործընթացը՝ կապված հյուսիսկորեական սպառնալիքի հետ, հայտնում է Asahi Shimbun պարբերականը:
Նշվում է, որ Ճապոնիայի կառավարությունը նախապես ծրագրել էր այս վերգետնյա համակարգերը 2 պրեֆեկտուրաների տարածքում տեղակայել 2023 թվականին, սակայն գործընթացը, հնարավոր է, արագացվի: Կառավարությունը նաեւ որոշում է ընդունել ընթացիկ ֆինանսական տարում (ավարտվում է 2018-ի մարտի 31-ին) լրացուցիչ բյուջեից 2,1 մլրդ իեն (18 մլն դոլար) հատկացնել ամերիկյան ՀՀՊ համակարգերի ձեռքբերումը նախապատրաստելու համար: Միջոցների հատկացումը պետք է սկսվեր 2018 թվականի ֆինանսական տարվանից, սակայն Ճապոնիայի իշխանությունները գործընթացն արագացնում են Կորեական թերակղզում իրավիճակի սրման ֆոնին:
Ընթացիկ ֆինանսական տարում լրացուցիչ բյուջեն պետք է հաստատվի դեկտեմբերի 22-ին:
Փորձագետների կարծիքով՝ հնարավոր հրթիռային հարվածից կամ բալիստիկ հրթիռից Ճապոնիայի ամբողջ տարածքի պաշտպանության համար բավական է Aegis Ashore 2 կայանքի տեղադրումը, որոնցից յուրաքանչյուրն արժե մոտ 80 մլրդ իեն (մոտ 728 մլն դոլար): Դրանք, ենթադրաբար, կտեղակայվեն Ակիտա եւ Յամագուտա պրեֆեկտուրաներում:




























