Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն այցելել է Կարակասից ոչ հեռու Վարայրա Ռեպանո ազգային պարկում վերակառուցվող «Հումբոլդտ» հյուրանոց եւ հայտարարել, որ այն կդառնա 7-աստղանի առաջին հյուրանոցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Շինհրապարակ այցելելուց հետո Մադուրոն տիկնոջ ուղեկցությամբ ընթրել է հյուրանոցին կից ռեստորանում: «Մենք «1956» ռեստորանում ենք…Շատ գեղեցիկ է: Շնորհավորում եմ շինարարներին: Մենք բացում ենք «1956» ռեստորանը եւ հնարավորություն ունենք զննելու նաեւ «Հումբոլդտի» աշխատանքները»,- ասել է նա:
Վենեսուելայում տնտեսական վիճակը ներկայումս ծանր է ապրանքների պակասի եւ պետության եկամուտների նվազման պատճառով, որը պայմանավորված է երկրից արտահանվող հիմնական ապրանք նավթի գնանկմամբ: Ընդդիմադիր Ազգային ասամբլեայի ֆինանսական հանձնաժողովի տվյալներով՝ երկրում ինֆլյացիայի մակարդակը 2017 թվականի 11 ամիսների արդյունքներով անցել է 1300 տոկոսից, իսկ ամբողջ տարվա համար կկազմի 2000-2100 տոկոս: Այս ֆոնին շարունակվում են նախագահի քաղաքականության դեմ զանգվածային բողոքները:




























