Աշխատանքային այցելությամբ Վիեննա ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Իսլանդիայի ԱԳ նախարար Գուդլաուգուր Թոր Թորդարսոնի հետ:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն արձանագրեցին, որ երկու երկրների միջեւ հարաբերություների ներկայիս մակարդակը չի համապատասխանում առկա ներուժին եւ անհրաժեշտ է համատեղ քայլեր ձեռնարկել տարբեր բնագավառներում երկկողմ կապերի առավել ամրապնդման համար:
Արտգործնախարարները համակարծիք էին, որ նմանատիպ հանդիպումներն ու բարձաստիճան փոխայցելությունները կարող են նպաստել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություներով փոխշահավետ համագործակցության խորացմանը:
Հայաստանի եւ Իսլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարեւորեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, արտգործնախարարությունների միջեւ խորհրդակցությունների մեխանիզմի ստեղծումը, մտքեր փոխանակեցին միջազգային հարթակներում փոխգործակցության խորացման վերաբերյալ:
Նախարարները քննարկեցին առեւտրատնտեսական համագործակցության խթանումը՝ այդ գործում արժեւորելով գործարար համաժողովների կազմակերպումը:




























