«Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի հերթական հանրային քննարկումն ընթացել է «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչների հետ: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել փաստաթղթի մշակողներին՝ ընդգծելով, որ այն բավականին լուրջ եւ երկարատեւ աշխատանքի արդյունք է:
«Մենք մի քանի անգամ մոտեցել ենք այս ռազմավարական փաստաթղթի մշակմանը: Քանի որ կրթական բոլոր միջազգային փաստաթղթերը նախատեսված են մինչեւ 2030 թվականը, եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն արդեն պատրաստում է կրթական համակարգի բոլոր փոփոխությունները, որտեղ «Կրթություն բոլորի համար» մոտեցումից կտրուկ անցում է կատարվել դեպի կրթության որակին, եւ մենք եւս ունենք այդ հիմնախնդիրը, որոշվեց Կրթության զարգացման պետական ծրագիրը եւս նախատեսել մինչեւ 2030 թվականը:
Ծրագրի այն հատվածը, որ պետք է ստանա օրենքի ուժ, ավելի հայեցողական է. այնտեղ հիմնականում ներկայացված են տեսլականը եւ զարգացման ուղղությունները, սակայն դրանց զուգահեռ առկա է նաեւ գործողությունների հստակ պլան: Արդեն հանրային քննարկման է ներկայացվել նաեւ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, եւ այսպիսով մենք հնարավորություն ունենք օրենսդրական մակարդակով դիտարկել ՀՀ կրթական համակարգն իր ամբողջության մեջ՝ մանկապարտեզից մինչեւ գիտություն:
Քանի որ ներկայումս մեծացել է կրթության հանդեպ հետաքրքրությունը նաեւ ներդրումների պահով, մենք փորձել ենք ստեղծել այնպիսի ընդհանուր պլատֆորմ, որտեղ հրավիրվել են մասնակցելու եւ՛ պետությունը, եւ՛ անհատ գործընկերները, եւ՛ միջազգային կառույցները, եւ՛ դոնոր կազմակերպությունները: Այսինքն՝ մեր խնդիրն է այդ պլատֆորմում յուրաքանչյուրին ցույց տալ իր շահը, իր տեղը եւ իր զարգացման հնարավորությունները: Այլ խոսքով՝ սա, այսպես ասած, ներդնաշնակության փաստաթուղթ է, որտեղ հաջողվել է ներառել ազգային ու պետական հիմնախնդիրները, ներկա քաղաքակրթական զարգացման ուղղվածությունները, ինչպես նաեւ նաեւ մեր երկրի առանձնահատկությունները»,-նշել է նախարարը՝ ներկաներին հորդորելով ակտիվորեն մտնել երկխոսության մեջ եւ իրականացնել խորը եւ համակողմանի քննարկում, քանի դեռ փաստաթուղթը գտնվում է քննարկման փուլում:
«Դպրոց-կենտրոնների միության» նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզան Մուրադյանն իր գոհունակությունն է հայտնել, որ ծրագրի հանրային քննարկմանն իր անմիջական մասնակցությունն է բերել միությունը: «Այս ծրագիրն այն կարեւորագույն փաստաթուղթն է, որը պետք է ապահովի մեր կրթության եւ հետեւաբար մեր երկրի մինչեւ 2030 թվականի զարգացումը: Մենք ունենք նաեւ մեր երկրի ռազմավարական զարգացման ծրագիրը 2014-2025թթ., որտեղ առանձին նշված են բոլոր ոլորտների զարգացման ուղղությունները: Կարծում եմ, որ Կրթության զարգացման պետական ծրագիրը եւս հենված է մեր երկրի որդեգրած քաղաքականության վրա: Ես հորդորում եմ բոլորիդ գործուն մասնակցություն ունենալ ծրագրի վերամշակմանը՝ առավել լավ արդյունք ունենալու համար, որպեսզի չլինենք անընդհատ բողոքողի դերում, այլ ինքներս ստեղծենք այդ զարգացման հեռանկարը, այսինքն՝ պասիվ ունկնդրից դառնանք ստեղծողներ»,-նշել է նա:
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը եւ ԿԳՆ զարգացման ծրագրերի եւ մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը ներկայացրել են կրթության զարգացման տեսլականը, ռազմավարական մոտեցումները, պետական քաղաքականության սկզբունքները, մինչեւ 2030 թ. զարգացման թիրախները, գերակայությունները եւ գործողությունների շրջանակը, ինչպես նաեւ ծրագրի իրականացումը, մոնիթորինգը, գնահատումը եւ ճանապարհային քարտեզը:
«Դպրոց-կենտրոնների միության» ներկայացուցիչները հարցեր են ուղղել բանախոսներին: Նրանց, մասնավորապես, հետաքրքրել են զարգացման ծրագրում ծնողական համայնքի հետ աշխատանքի ներառման, ուսուցչի դերի եւ հեղինակության բարձրացման, կրթության որակի եւ դրա չափելիության, գյուղական դպրոցների, մշակվող չափանիշների, իրականացվող մեխանիզմների եւ այլ հարցեր:




























