Վերջին շրջանում Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարի համար մի շարք օրենքներ է ընդունել, նախազգուշացումների համակարգ է ներդրել, ստեղծել է պրոֆիլակտիկ հանձնաժողով, սակայն ինչպես նախկինում, ներկայումս նույնպես իշխանությունները կոնկրետ ռեալ քայլեր չեն ձեռնարկում այդ երեւույթն արմատախիլ անելու համար։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին նման տեսակետ է հայտնել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ։
«Բառերը մնում են թղթի վրա․ իրականությունը արմատապես տարբերվում է հակակոռուպցիոն օրենքներից եւ հնչեցված խոստումներից», - նշեց Հոկտանյանը։ Նրա խոսքով՝ կոռուպցիայի վիճակի եւ երկրում իրագործվող հակակոռուպցիոն միջոցառումների վերաբերյալ 2016-2017թթ․ կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միայն շատ աննշան առաջընթաց է գրանցվել։
Հոկտանյանն ընդգծեց, որ 2016թ․ Հայաստանոււմ կոռուպցիայի ընկալման ինդեքսը բոլորովին հուսադրող չէ։ «Մեզ մոտ , իհարկե, հետխորհրդային երկրների համեմատ ամենավատ արդյունքները չեն գրանցվել, բայց մենք նկատելիորեն զիջում ենք մյուս երկրներին։
Աշխարհի մյուս երկրների 70 տոկոսի ցուցանիշները ավելի լավն են։ Նման ցուցանիշների պատճառով բազմաթիվ միջազգային կազմակերպություններ փոխել են իրենց ներդրումային քաղաքականությունը մեր երկրի նկատմամբ։ Օրինակ՝ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան հաջորդ տարի Հայաստանին ֆինանսավորում չի տրամադրի», - ասաց Հոկտանյանը։
Բացի այդ՝ Հայաստանը ներառված է Եվրամիության երկրների ֆինանսների նախարարների խորհրդի այսպես կոչված «գորշ ցուցակում» , քանի որ հարկային օրենսդրությունը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին։ Էական խնդիր է նաեւ այն, որ Հայաստանում բացակայում է մոնիտորինգի համակարգը, առանց որի հնարավոր չէ հետեւել, թե ինչպես է իրականացվում հակակոռուպցիոն քաղաքականությունը։
Հիշեցնենք, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի կազմած «Կոռուպցիայի ընկալման ինդեքս-2016» համաշխարհային սանդղակում Հայաստանը 2015թ․ համեմատ իր դիրքերը զիջել է 18 կետով՝ զբաղեցնելով 113-րդ հորիզոնականը։ Այսպիսով, 2016թ․ Հայաստանում կոռուպցիայի ընկալման ինդեքսը կազմել է 33 միավոր՝ 2015թ․ 35-ի փոխարեն։




























