Հայաստանից բացի՝ չկա մեկ այլ երկիր, որտեղ գյուղերում գազատար է անցնում, իսկ գազատարի կողքին աթարի բլուրներ են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, «Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնախնդիրները. զուգահեռներ Վրաստանի հետ» թեմայով քննարկման ժամանակ նշել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքով, սխալ էր ամբողջ երկիրը՝ 98 տոկոսով գազիֆիկացնելը. «Հիմա մենք խողովակները հասցրել ենք տեղ, բայց գազ չի մատակարարվում: Երեւի աշխարհում որեւէ տեղ չկա այդպիսի բան, որ գյուղով գազի խողովակներ են անցնում, բայց կողքին աթարի բլուրներ են, որովհետեւ մարդիկ չեն կարողանում օգտվել գազից»:

Վահագն Խաչատրյանի խոսքով, 1992-95 թվականներին Հայաստանը հայտնվեց դաժան ճգնաժամի իրավիճակում, քանի որ ԽՍՀՄ-ն արդեն չկար, եւ Հայաստանի իշխանությունը փորձում էր Խորհրդային Միության միասնական էներգետիկ համակարգից առանձին Հայաստանում ստեղծել կայուն համակարգ, որն այն ժամանակվա համար անհնար էր, քանի որ չկար նաեւ ատոմակայանը. «Փառք Աստծո, կարողացանք ատոմակայանը նորից վերագործարկել, եւ իսկապես ատոմակայանն այսօր Հայաստանի էներգետիկ համակարգի անվտանգության ամենակարեւոր գործոնն է: Պատահական չէ, որ բոլոր ճնշումներին կամ հորդորներին, որ կա նաեւ հատկապես եվրոպական կամ այլ կառույցների կողմից՝ փակել ատոմակայանը, իշխանությունը չի գնում եւ ամեն ինչ անում է, բայց ես հույս ունեմ, որ գոնե անվտանգության հաշվին չի արվում»: