ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ վստահ չէ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների արդյունավետության հարցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք ամենակոշտ պատժամիջոցներն են սահմանել, որոնք երբևէ սահմանել է ՄԱԿ ԱԽ-ն՝ սա Հյուսիսային Կորեայի բռնապետության վրա առավելագույն ճնշում գործադրելու արշավի մի մասն է»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Ֆլորիդայում իր կողմնակիցների առաջ։

«Ես չգիտեմ այդ պատժամիջոցները արդյունք կտան, թե ոչ, բայց փորձել պետք է, տեսնենք ինչ կստացվի։ Ով գիտի։ Ես միայն կարող եմ ասել, որ դուք լավ ձեռքերում եք»,- հավելել է նա։

Հյուսիսային Կորեան վերջին տարիներին զբաղված է միջմայրցամաքային բալիստի հրթիռների ու դրանց համար միջուկային մարտագլխիկների մշակումով՝ պատճառաբանելով դա ԱՄՆ կողմից սպառնալիքով։ ՄԱԿ ԱԽ-ն երկու անգամ՝ օգոստոսին ու սեպտեմբերին, խստացրել է Փհենյանի դեմ պատժամիջոցները։

ՄԱԿ-ի խստացված պատժամիջոցները դեռ չեն ապահովում Փհենյանի հրթիռային- միջուկային գործունեության դադարեցումը։ «Խվասոն-15» հրթիռի վերջին փորձարկումը, որը ենթադրաբար կարող է խոցել մինչև 13 հազար կմ հեռավորության վրա գտնվող նշանակետ, իրականացվել է նոյեմբերի 29-ին։ Փհենյանը հայտնել է, որ հիմա կարող է միջուկային հարված հասցնել ԱՄՆ ամբողջ տարածքին։