Լոռու մարզի Գուգարք համայնքում փակցված է Լենինի ու Ստալինի մեծադիր նկարը: Նկարը տեղ է գտնել գյուղացիների համար կառուցված հանգստի սենյակի արտաքին պատին՝ ի ցույց այդ տարածքով անցնողների:

Օրերս այս նկարը գրավել էր Գուգարքով անցնող ուղեւորների ուշադրությունը, ովքեր նախ զարմացել էին, ապա տեսածի մասին գրառում կատարել ֆեյսբուք սոցիալական ցանցում:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում Գուգարքի համայնքապետ Աշոտ Աշուղյանը տեղեկացրեց, որ մեծադիր նկարը հանգստի անկյունի պատին փակցնելու գաղափարը գյուղի տարեց բնակիչներից մեկինն է, ով անսասան կոմունիստ է:

«Էդ թաղի հին կոմունիստներն են կպցրել: Փորձեցի մի օր հանել տամ, ասին՝ քեզ ի՞նչ ա խանգարում»,- պատմեց գյուղապետը:

Վերջինիս խոսքով մեծադիր նկարը փակցվել է 5-6 ամիս առաջ: Նա նշեց, որ գյուղացիների մի մասը դեմ է այդ  նկարը փակցնելուն, մի մասը՝ կողմ:

«Մեկը՝ դեմ ա, մեկը՝ խնդում ա, մեկն էլ ասում ա՝ տո, ճիշտ էլ արել են»,- ասում է Ա. Աշուղյանը: