Հայաստանի համայնքների տնտեսական զարգացումը շատ կարեւոր է: Այս մասին դեկտեմբերի 9-ին Դիլիջանում անցկացվող տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նրա խոսքով՝ համայնքներում արդեն ընտրվել են տնտեսական գործունեության համար պատասխանատու անձինք, նրանց թվում են նաեւ մարզպետները, ինչպես նաեւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ներկայացուցիչը:

«Մեծ թվով թեկնածուներից ընտրում են նրան, ով կներկայացնի տվյալ կոնկրետ համայնքի զարգացման նախագիծը»,- պարզաբանեց նա՝ հավելելով, որ ավելի վաղ ընդունված ծրագիրը պետք է հաստատվի եւ համապատասխան ձեւով ֆինանսավորվի:

Լոքյանը միաժամանակ նշեց, որ տնտեսական զարգացումն անհնար է, եթե չլուծվեն համայնքներում առկա ենթակառուցվածքների խնդիրները: Նրա խոսքով՝ պետք է լուծվեն ճանապարհների  բարեկարգման, խմելու ջրի, հոսանքի ապահովման եւ այլ խնդիրներ:

Լոքյանը շեշտեց, որ 2018-ի սկզբից հիմնական խնդիրն է լինելու այս խնդիրների արագ լուծումը, եւ ծայրամասերի ուղղությամբ բիզնեսի ընդլայնումը: