ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ուրախ կլինի, եթե իրենց կուսակցության լիազորությունները չարաշահած որեւէ անդամի պատժեն: Դեկտեմբերի 11-ին՝ ԱԺ ավանդական այս տարվա վերջին ճեպազրույցում, ասել է Արմեն Ռուստամյանը:

Ըստ նրա՝ իր մոտ չկան ՀՅԴ ներկայացուցիչների ապօրինի գործողությունների կամ պաշտոնական դիրքի չարաշահումը վկայող փաստեր ու ապացույցներ:

«Եթե այդպիսի դեպքեր եղել են, թող այդ մասին ասեն: Մենք, նույնպես դաշնակ լինելով, չենք ամաչի ու կպատժենք մեղավորին, այդ թվում եւ գյուղապետին, որը ինչ-որ բան է արել», - հավաստիացրել է Ռուստամյանը՝ հավելելով, որ դրանից ավելի իրավունքներ չունեն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Հայաստանի նախագահը ելույթ է ունեցել Դիլիջանի համաժողովում, որը կազմակերպվել էր Տարածքային կառավարման ու զարգացման նախարարության կողմից, եւ մի շարք հարցերի անդրադարձել, որոնց թվում նաեւ որոշ համայնքների ղեկավարների կողմից սեփական լիազորությունները չարաշահելուն:

Նշենք, որ ճեպազրույցին չեն ներկայացել իշխող Հանրապետական կուսակցության եւ  «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները: