ԳՁՕ-ների գործածության օրենսդրական կարգավորումները պետք է իրականացնել առաջնորդվելով  «նախազգուշավորության սկզբունքով»` հաշվի առնելով, որ գիտությունը  դեռեւս չի ապացուցել դրանց անվտանգությունը, ինչը ենթադրում է, որ անհրաժեշտ է արգելել  ԳՁՕ-ների կիրառումը: Այս մասին որոշում է կայացվել է այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցած ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստի ժամանակ:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստը վարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: նիստի մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության,  բնապահպանության, առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ, ոլորտի հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գիտնականներ:

Աշխատանքային խումբը քննարկել է ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգությանը միտված  առաջիկա քայլերը եւ ներկայացրել առաջարկներ դրանց իրականացման մեխանիզմների ուղղությամբ:

Քննարկումների արդյունքում որոշվել է ԳՁՕ-ների գործածության օրենսդրական կարգավորումներն իրականացնել առաջնորդվելով  «նախազգուշավորության սկզբունքով»` հաշվի առնելով, որ գիտությունը  դեռեւս չի ապացուցել դրանց անվտանգությունը, ինչը ենթադրում է, որ անհրաժեշտ է արգելել  ԳՁՕ-ների կիրառումը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանձնարարել է վեր հանել «ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագծի սկզբնական տարբերակը,  անհրաժեշտ լրամշակումներ կատարել եւ ուղարկել բոլոր անդամներին` երկշաբաթյա ժամկետում կարծիքներ ներկայացնելու նպատակով:

Քննարկումների ընթացքում աշխատանքային խմբի անդամները կարեւորել են նաեւ  սպառողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը եւ պարբերաբար զանգվածային լրատվության միջոցներով հաղորդումների կազմակերպումը` պետական պաշտոնյաների եւ հանրային հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ: