«Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների միջեւ չկան քննարկումներ վարչապետի միասնական թեկնածուով հանդես գալու շուրջ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր,ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների միջեւ կան քննարկումներ՝ 2008 թ.-ին վարչապետի մեկ միասնական թեկնածուով հանդես գալու շուրջ։
«Նմանատիպ որեւէ բանակցություն եւ գործընթաց չկա: Առիթ եղել է ասելու, որ ընդհանրապես վարչապետի թեկնածության հետ կապված հարց այսօր «Ծառուկյան» խմբակցության օրակարգում չկա: Երբ որ կլինեն քննարկումներ, երբ որ կլինի այդ հարցի հետ կապված նոր ասելիք, ապա մենք անպայմանորեն լրատվամիջոցներին եւ հանրությանը տեղյակ կպահենք»,- ասաց Իվետա Տոնոյանը:
նա նշեց, որ քննարկումներ չկան նաեւ իշխող ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորության վերաբերյալ. «Երբ որ պահը հասունանա, կլինեն քննարկումներ, եւ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ այդ որոշումը կկայացվի»:
Դիտարկմանը, որ «Ծառուկյան» խմբակցությանն անխնա քննադատության է ենթարկում կառավարությանն ու վարչապետին, կարելի՞ է սրանից ենթադրել, որ իրենց համար Սերժ Սարգսյանն ավելի նախընտրելի թեկնածու է վարչապետի պաշտոնի համար, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «ԲՀԿ-ի եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների քննադատությունները երբեւէ ինքնանպատակ չեն եղել, եղել են փաստարկներով, եղած մտահոգություններ բխել են հասարակությանը հուզող խնդիրներից: Ինչ վերաբերում է այս կամ այն թեկնածուին նպատակահարմար համարելուն, մենք ունենք մեր քաղաքական օրակարգը եւ առաջնորդվում ենք մեր քաղաքական օրակարգով: Մեր քաղաքական օրակարգում վարչապետի այս կամ այն անձի լինելու հարց, քննարկում չկա»:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն սատարի նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությանը՝ որպես վարչապետ, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Հնարավոր է, միգուցե ձեւակերպումներով հարցերին չեմ պատասխանում»:




























