85 տարի առաջ՝ 1932 թվականի հունվարի 5-ին ծնվել է իտալացի փիլիսոփա, գիտնական, գրող Ումբերտո Էկոն:
Նա աչքի էր ընկնում եզակի պտղաբերությամբ՝ ամբողջ կյանքի ընթացքում ամենատարբեր թեմաներով վիթխարածավալ գրականություն է ստեղծել՝ իտալերենով եւ անգլերենով: Ումբերտո Էկոյի գիտական հետաքրքրությունները շատ ընդարձակ էին՝ ե՛ւ փիլիսոփայություն, ե՛ւ նշանագիտություն, ե՛ւ միջնադարագիտություն:
Ես ծնվել եմ Ալեսսանդրիայում, այն նույն քաղաքում, որ հայտնի է Բորսալինո լայնեզր գլխարկներով։
Չարժի մտածել, թե Իտալիան ինտելեկտուալների երկիր է։ Այն փաստը, որ Միքելանջելոն եւ Ռաֆայելը այստեղ են ծնվել, իրականում ոչ մի բան չի նշանակում
Յուրաքանչյուր եվրոպացի, փողոց դուրս գալով, միջնադարյան եկեղեցիներ է տեսնում, ուստի Մջնադարը նրան չի հետաքրքրում: Այլ հարց է Ինդիանապոլիսը։ Ամենահետաքրքիր նամակները ես այդպիսի տեղերից եմ ստանում։
Ինձ Միջնադարից չես պոկի ականջիցս քաշելով, գրեթե այնպես, ինչպես ուրիշներին ականջից քաշելով կոկոսից չես հեռացնի։
Կարծում եմ՝ եթե ծնված լինեի Միջնադարում, հիմա մեռած կլինեի։
Հայրս հաշվապահ էր, նրա հայրը՝ տպագրիչ։ Հայրս տասներեք երեխաների ավագն է եղել, ես էլ նրա առաջին որդին եմ։ Իմ առաջին երեխան էլ է տղա։ Նույն կերպ տղա է եղել իմ որդու առաջին երեխան։ Ինչո՞ւ եմ սա ասում։ Եթե հանկարծ պարզվի, որ Էկոների ընտանիքը ծագում է բյուզանդական կայսրերից, իմ թոռը կհամարվի դոֆին:
Պատանեկության տարիներին հայրս գրքերի մեծ սիրահար էր։ Բայց նրա ծնողները 13 երեխա ունեին, եւ ընտանիքը հազիվ էր ծայրը ծայրին հասցնում։ Հայրս չէր կարող իրեն թույլ տալ գիրք գնել, ուստի սկսել է կարդալ փողոցային կրպակներում։ Մոտեցել է, ցուցափեղկից մի գիրք վերցրել ու սկսել կարդալ այնքան, քանի դեռ տերը նրան չի քշել։ Հետո նա հաջորդ կրպակին էր մոտենում, բացում գրքի այն էջը, որտեղ կանգ էր առել, ու շարունակում կարդալ։ Ինձ համար շատ թանկ է նրա՝ համառորեն գրքի հետեւից ընկնելու այս հիշողությունը։
Երբ պապս թոշակի է անցել, պատվերով գրքեր է կազմել։ Գյոթեի ու Դյումայի հնատիպ, հրաշալի պատկերազարդված հրատարակությունները նրա տանն ամեն տեղ դրված էին։ Դրանք իմ տեսած առաջին գրքերն էին։ Երբ նա 1938-ին մահացավ, գրքերի շատ տերեր չտարան իրենց պատվերները։ Այդ գրքերը պարզապես դասավորեցին մի հսկայական արկղում, որը շուտով հայտնվեց ծնողներիս տան նկուղում։ Ինձ ժամանակ առ ժամանակ ուղարկում էին այնտեղ՝ ածուխ կամ գինի բերելու, ես էլ հենց դրան էի սպասում։
Այո՛, ես էլ եմ բանաստեղծություններ գրել։ Մի առիթով ասել եմ՝ որոշակի տարիքում պոեզիան նման է դեռահասի պզուկների։ Դա մի փուլ է, առանց որի չի լինում։ 15 կամ գուցե 16 տարեկանում պոեզիան մաստուրբացիա է։ Ի տարբերություն վատ բանաստեղծի՝ լավ բանաստեղծն այրում է իր վաղ շրջանի բոլոր փորձերը, իսկ վատը՝ հրատարակում։
Ինչ հերոս էլ հորինելու լինես, այսպես թե այնպես, նա քո փորձից ու հիշողությունից պիտի ծնված լինի։
Իսկական հերոսը միշտ սխալմամբ հերոսացածն է։ Իրականում նա երազում է ազնիվ վախկոտ լինել, ինչպես շրջապատում բոլորը։
Դետեկտիվ գրականությունն ինձ գրավում է փիլիսոփայության առանցքային հարցադրմամբ՝ ո՞վ է արել այս ամենը։
Երբ սկսում էի գրել «Վարդի անունը» վեպը, անկասկած, չգիտեի՝ հատկապես ինչ կարող էր պարունակվել Արիստոտելի «Պոետիկայի» կորած հատորում՝ հենց այն հատորում, որը նվիրված էր կատակերգությանը։ Բայց գիրքը գրելու ժամանակ ես կարծես թե սկսեցի գլխի ընկնել։
Ամեն անգամ, երբ սկսում եմ գիրք գրել, ինձ երկու տարով դատապարտված եմ զգում, որովհետեւ գիրքը նման է երեխային։ Նախ պիտի նրան կյանք տաս, հետո խնամես, ու միայն հետո է նա սկսում քայլել եւ, վերջապես, խոսել։
Լավ գիրքը միշտ իր հեղինակից խելացի է։ Հաճախ այնպիսի բաների մասին է պատմում, որ հեղինակն անգամ չի կռահում։
Ես սիրում եմ հեռուստատեսությունը եւ ենթադրում եմ, որ աշխարհում հումանիտար ուղղվածությամբ ոչ մի լուրջ մարդ չկա, որ չսիրի հեռուստացույց դիտել։ Հնարավոր է՝ ես միակն եմ, ով չի վախենում դա խոստովանել։
Ինձ քիչ է հետաքրքրում հենց հիմա համացանցում օնլայն օգտատերերի թիվը։ Այն ամենը, ինչ նրանք անում են՝ ուրվականների հետ զրուցելն է։
Հնարավոր է՝ ես այնքան իմաստուն չեմ, որքան ինքս եմ կարծում, ու մանավանդ այնքան իմաստուն չեմ, որքան ենթադրում են ուրիշները։
Հրատարակիչները տարածում են, թե մարդիկ ուզում են թեթեւ գրականություն կարդալ, բայց դա առասպել է։
Մարդիկ հասարակ բաներից շատ արագ են հոգնում։
Մշտապես հեշտ է զուգահեռներ գտնել 2 ցանկացած երեւույթների միջեւ։ Ինձ 50 դոլար տվեք, եւ ես ձեզ համար էսսե կգրեմ, որում ցույց կտամ զուգահեռներն այսօրվա ու նեանդերթալյան մարդկանցով բնակեցված աշխարհի միջեւ։
Ես երբեք Միջնադարը խավար ժամանակներ չեմ համարել։ Դա բերրի հող էր, որից աճեց Վերածնունդը։
Համաշխարհային ամբողջ մշակույթը մի բան է ուզում. անսահմանությունը ըմբռնելի դարձնել։
Բացարձակապես համոզված եմ, որ ցանկացած ընթերցված գիրք ստիպում է հաջորդն ընթերցել։
Ոչ մի կանոն եւ ոչ մի կանոնավոր ռեժիմ չկա, եթե ուզում ես գիրք գրել։
Երբեմն մեկ էջը տաս անգամ արտագրում եմ, բայց երբ դա էլ չի օգնում, գրածը բարձրաձայն եմ կարդում` փորձելով այդպես հասկանալ, թե ինչն այնպես չէ։
Գիրք գրելը միշտ չէ, որ նշանակում է բառեր գրել թղթի վրա։ Դու կարող ես մտովի մի ամբող գլուխ գրել՝ մինչ նախաճաշում ես կամ զբոսնում։
Ստելու կարողությունն այն քիչ բաներից է, որ տարբերում է մարդուն կենդանուց։
Ուրիշի հիմարությունը երբեք քոնը չի նվազեցնում։




























