Թուրքիան փորձելու է ամենատարբեր կապիկություններն անել, որպեսզի հաջորդ ապրիլի 24-ին հնարավորություն տրվի ԱՄՆ նախագահին՝ հերթական անգամ խուսափել Ցեղասպանություն բառն արտաբերելուց, եւ Կոնգրեսում Ցեղասպանության բանաձեւի անցկացումից: Այս մասին լրագրողների հատ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 22-ին հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
«Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը հայ-թուրքական արձանագրություններով վերահսկելի է դառնում այլոց կողմից: Հայկական գործոնի վրա մյուսներն ավելի մեծ ազդեցություն ունեն, քան Հայաստանն ինքը»,-նշեց Սաֆարյանը:
Նրա խոսքով միայն WikiLeaks-ի հրապարակումները՝ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ, բավարար կլինեին որեւէ երկրում այդ երկրի իշխանություններին հենց հաջորդ օրը հրաժարականի պահանջ ներկայացնելու համար: «Պարզվում է, որ բոլորը՝ Հիլարի Քլինթոնը, Բարաք Օբաման, Ֆիլիպ Գորդոնը, Հայաստանի ընդդիմությունն՝ իր կանախեսումներով եւ գնահատականներով, բոլորն իմացել են, որ պրոցեսը շահարկվում է Թուրքիայի կողմից, բացի մեր նախագահից: Բոլորը իմացել են, որ ԼՂ խնդրի լուծումը ներքուստ տեսնում են որպես էներգետիկ ծրագրերի իրականացման ուղի, բացի Հայաստանի իշխանություններից: Այսպիսի անշրջահայաց, անհետատես իշխանությունների հանդեպ առնվազն շատ լուրջ մեղադրանքներ պետք է ներկայացվեին, որովհետեւ փաստացի մեզ ներքաշել են շատ մեծ արկածախնդրության մեջ»,-նկատեց Սաֆարյանը՝ հավելելով, որ լուրջ մեղադրանքների հարցը պետք է բարձրացվեր Հայաստանի հասարակության կողմից:




























