Նոր տարին մաքուր էջից սկսելու համար հարկավոր է տեղ ազատել նոր ծրագրերի, մարդկանց, մտքերի եւ նպատակների համար: Կարեւոր է անցյալին հրաժեշտ տալ, այն ամենին, ինչն այլեւս հետաքրքիր չէ, տհաճ է, զայրացնող է եւ խանգարում է առաջ շարժվել: Փինք ՌԲԿ-ն պատմում է, թե ինչպես դա անել:
Անպետք իրեից հրաժարվելը
Հիմնական կանոններից մեկը՝ եթե իրն անօգուտ է կամ հաճույք չի պատճառում, հրաժարվեք դրանից։ Երկրորդ կանոնը՝ եթե մեկ տարի շարունակ չեք դիպչել դրան, հավանաբար, էլ չեք դիպչի: Սթափ հայացքով նայեք այդ իրերին մի քանի օր անց: Այնուհետեւ առանձնացրեք այն իրերը, որոնցից պատրաստ չեք բաժանվել, այն իրերը, որոնք պատրաստ եք նվիրել կամ ուղղակի տալ։ Վաճառեք բոլոր ավելորդ իրերը՝ հատկապես խոսքը լավ վիճակում գտնվող տեխնիկայի, կահույքի եւ հագուստի մասին :
Հիմա սկսվում է ամենահետաքրքիրը: Վաճառքից հետո մնացած իրերը բաժանեք՝ նրանք, որոնց տեղը աղբանոցն է եւ նրանք, որոնք ինչ-որ կերպ կուրախացնեն․ կեղտոտ սպասք ու անկողնային սպիտակեղեն, չափազանց մեծ կակտուս, զգեստ, որը փոքր է արդեն, ձեր կատվի մնացած կերը։ Կազմակերպեք երեկույթ, հրավիրեք ընկերուհիներին ու ընկերներին եւ նրանց հետ իրերի փոխանակում անցկացրեք:
Գրքերի փոխանակումը կարող է փոքր ընթերցանության ակումբի սկիզբ դնել, հագուստի եւ կոսմետիկայի փոխանակումը աղջիկների ուրախ երեկույթի կարող է վերածվել, տնային պարագաների կամ մանկական իրերի փոխանակումը կարող է ծնողների համար իդեալական զբաղմունք դառնալ հանգստյան օրերին: Միշտ մտածեք, որ իրերը, որոնք դուք նվիրում եք, լավ վիճակում լինեն, եւ ձեր հյուրերին հաճելի լինի այն նվեր ստանալը։ Եվ նույնիսկ եթե այդքանից հետո ավելորդ իրեր են մնացել, դուք միշտ կարող եք տալ դրանք վերամշակման, նվիրել սոցիալական խնամքի կենտրոններին եւ կրոնական կազմակերպություններին:
«Թունավոր» ծանոթներ
Վերլուծեք, թե ինչպիսի հարաբերություններն են ձեզ զայրացնում եւ կան արդյոք օբյեկտիվ պատճառներ դրա համար: Ծնողների, երեխաների եւ ամուսնական զույգերի դեպքում պետք է իրավիճակին նայել բազմակողմանի: Երբեմն առանց հոգեբանի կամ հոգեթերապեւտի մասնագիտական օգնության դա հնարավոր չէ: Ընկերների, գործընկերների, ծանոթների եւ հարազատների դեպքում փորձեք պահել անհրաժեշտ հեռավորություն: «Թունավոր» մարդկանց փոխարեն մտածեք նրանց մասին, ովքեր ոգեշնչում են ձեզ եւ փորձեք ավելի հաճախ շփվել նրանց հետ նոր տարուն: Մտածեք նրանց մասին, ում հետ երկար ժամանակ ցանկացել եք մտերմանալ եւ սկսեք:
Մի շտապեք ակտիվ շփում հաստատել նրանց հետ, ովքեր տհաճության կամ սեփական թերարժեքության զգացում են առաջ բերում, ցուցաբերեք քաղաքավարություն կամ չեզոք ներկայություն։
Մտածեք այն մասին, թե արդյոք աշխատավայրում եւ տանը շրջապատված եք բարենպաստ միջավայրով, հարմարավետ եք ձեզ զգում այն մարդկանց հետ, ում հետ կիսում եք բնակարանը, աշխատանքը, ստեղծագործական ծրագրերը: Հետացեք նրանցից, ում քննադատությունը ձեզ հունից հանում է կամ փորձեք ժամանակ չկորցնել երկխոսության վրա նրանց հետ, ովքեր չեն աջակցում ձեզ։
Տհաճ պարտականություններ
Ամսվա ընթացքում աշխատանքային եւ ոչ աշխատանքային գործերի վերաբերյալ օրագիր պահեք, այդ թվում նաեւ՝ հանգիստի, հաճելի անգործության, ընտանեկան հոգսերի, զբոսանքների եւ գեղեցկության սրահ այցելությունների: Այս օրագրում պետք է լինի ամեն ինչ: Տեսեք, թե որքան գործեր են թելադրված խոստումներով եւ անձնական պատասխանատվությամբ, իսկ որքան՝ սեփական ցանկությամբ: Եթե շատ գործողությունների հիմքում ուրիշների սպասումները արդարացնելու կամ պարտականության զգացումն է, այլ ոչ թե ձեր ցանկությունը, ապա խորհելու ճիշտ ժամանակն է: Հրաժարվեք ոչ պարտադիր եւ հոգնեցուցիչ պարտականություններից, վերանայեք աշխատանքային ժամանակացույցը, քննարկեք ձեր զուգընկերոջ հետ տնային գործերը եւ ընկերների հետ ազատ ժամանակի անցկացումը: Դուք չպետք է ծայրինը լինեք եւ վերահսկեք ձեր կյանքի ամեն մի գործընթաց. փորձեք կիսել պատասխանատվությունը ուրիշների հետ:
Վատ սովորություններ
Ճշմարտության երեսին նայել եւ որոշել, թե ինչ վատ սովորություններ են ձեզ բնորոշ, որքանով եք դուք ցանկանում ձերբազատվել դրանցից, եւ ինչ ձեռք կբերեք դրա արդյունքում: Նախ եւ առաջ առավոտյան փոստը ստուգելը եւ ապա արագ նախաճաշելիս նյարդայնանալը իհարկե ծխել չէ, սակայն եւս վատ սովորություն է: Մնալ աշխատավայրում մինչեւ ուշ ժամ եւ ուշացնել աշխատանքը միանշանակ վատ սովորություն է: Վարկով գնումներ կատարելը առանց խնայողությունների վատ սովորություն է: Առանց բժշկի խորհրդատվության ինքնաբուժությամբ զբաղվելը եւս մեկ վատ սովորություն է:
Ազնվորեն խոստովանեք ինքներդ ձեզ, թե որ վատ սովորություններն են կործանարար թվում, եւ աստիճանաբար սկսեք ձերբազատվել դրանցից առաջիկա ամսվա ընթացքում՝ առանց որեւէ վերջնական ժամկետների:
Մտածեք, թե ինչ աննշան բաներ են օգնում Ձեզ երջանիկ լինել, սովորեցրեք ձեզ կարճ, սակայն կանոնավոր առավոտյան մարմնամարզությանը, խնայողությունների պարբերական հաշվարկ կատարեք, փորձեք որոշ ժամեր անցկացնել առանց գաջեթների եւ համակարգչի: Որքան հարթ անցնի վատ սովորություններից ձերբազատվելու գործընթացը, այնքան քիչ կլինի նախանշված ծրագրին չհետեւելու հանգամանքով պայմանավործած պոռթկումների եւ դժգոհության հավանականությունը:
Ափսոսանք անցյալի համար
Հիշողության մեջ թարմացրեք տարվա բոլոր հիասթափությունները եւ ցավերը, գրի առեք դրանք եւ հանգիստ խոսեք դրանց մասին ինքներդ ձեզ հետ՝ միայնակության մեջ: Ընտրեք մի օր, երբ դուք կունենաք չեզոք կամ լավ տրամադրություն՝ վերլուծելու, թե ինչ կառուցողական բան է տվել ձեզ այդ բացասական փորձը:
Մտածեք, թե ինչու են այդ տխուր իրադարձությունները տեղի ունեցել եւ արդյոք դրանք կախված են եղել ձեզանից. առանձնացնեք իրավիճակները, որոնց վրա դուք որեւէ կերպ չէիք կարող ազդեցություն ունենալ (ֆինանսական ճգնաժամ, առողջական խնդիրներ եւ այլ ֆորս-մաժորներ), նրանցից, որոնց դեպքում որոշումը ձերն էր: Հիմնավորեք ձեզ համար անցյալի որոշումները, մտածեք այն մասին, թե ինչ զգացմունքներով եք առաջնորդվել, երբ անմիտ եւ սխալ քայլերի եք դիմել: Գրի առեք այդ հույզերը պարզ բառերով՝ առանձնացնելով ստորակետներով, եւ ուշադրություն դարձրեք, թե ինչպիսի տրամադրություն եւ վիճակ է գերակայում ձեզ մոտ, երբ մի բան եք անում, ինչի մասին հետագայում ափսոսում եք:



























