ԱՄՆ Տեխաս նահանգի Էդինբուրգ քաղաքի բնակիչները դպրոցի աշակերտների համար վերմակներ են հավաքում: Դպրոցի աշակերտուհիներից մեկը Սանտա Կլաուսից Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ վերմակ եւ ուտելիք է խնդրել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով տեղական KGBT հեռուստաընկերությունը:
Ավելի վաղ սոցիալական ցանցերում տարածում էր գտել տարրական դասարանների ուսուցչուհի Ռութ Էսպիրիկուետայի գրառումը: Նա առաջարկել էր աշակերտներին նամակներ գրել Սանտա Կլաուսին՝ նշելով «երկու ցանկություն եւ մեկ անհրաժեշտություն»:
7-ամյա Քրիսթալ Պաչեկոն սխալներով գրել էր. «Այսօր ես ինձ լավ եմ պահել: Այս Սուրբ Ծննդին ես գնդակ կցանկայի եւ որեւէ ուտելիք: Ինձ վերմակ է պետք»: Ուսուցչուհին աղջկան հարցրել է, թե ինչու՞ է նա վերմակը անհրաժեշտություն համարել, իսկ ուտելիքը՝ պարզապես ցանկություն: Աղջնակը բացատրել է, որ նա կարող է ուտել դպրոցական ճաշարանում, նույնիսկ եթե տանը ուտելիք չկա, իսկ, ահա, վերմակը նրան իսկապես շատ է պետք:



























