Վրաստանում օտարերկրյա համարանիշով մեքենաների վարորդներից, այդ թվում հայերից ապահովագրության վճարներ գանձումը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ, մասնագիտությամբ տնտեսագետ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով նրան, որ 2018-ի մարտի 1-ից հայ վարորդները Վրաստան մտնելու համար պետք է վճարեն ապահովագրության համար:
Նրա խոսքով, եթե խոսքը բեռնատար ապրանքներ տեղափոխող ընկերությունների մասին է, դա մի խնդիր է, իսկ եթե խոսքը վերաբերում է տուրիզմի բնագավառին, կամ ընդհանրապես այլ ռեժիմով գործող ավտոմեքենաներին, դա բոլորովին այլ հարց է. «Բոլոր դեպքերում, պետք է ունենալ ամբողջական վիճակագրություն՝ վթարներ եւ այլնի վերաբերյալ, որպեսզի հնարավոր լինի համադրել ու տեսնել, թե այդ ապահովագրության գումարը եւ տուժելու ռիսկի մեղմացումը ինչպես են համադրվում միմյանց հետ: Ամբողջ աշխարհում ապահովագրությունը լավ բան է, բայց այս փուլում կարծում եմ, որ միգուցե այդքան արագ անհրաժեշտ չէր, որ այդ ապահովագրությունը կիրառվեր, որովհետեւ դա լրացուցիչ խոչընդոտներ է առաջացնում»,-ասաց Մելքումյանը:
Նա նկատեց, որ առավել ամփոփ գնահատական տալու համար պետք է նայել վիճակագրությունը, թե քանի վարորդ է մտնում այդ երկիր, որոնք մի քանի ժամից դուրս են գալիս, եւ քանիսն են որպես զբոսաշրջիկ մտնում կամ բիզնես նպատակով. «Ես կարծում եմ, որ վարորդների համար դա բեռ է դառնալու, որովհետեւ դեռ չենք եկել այն մակարդակին, որպեսզի ապահովագրությունը լրացուցիչ բեռ չլինի, այլ ուղղակի ռեալ իրական երաշխիքների միջոց լինի»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 1-ից հայ վարորդները Վրաստան մտնելու համար պետք է վճարեն ապահովագրության համար, եթե նրանք մտադիր են երկրում առնվազն 15 օր մնալ:
Խորհրդարանն արդեն հավանություն է տվել համապատասխան օրինագծին, այն պետք է նախագահը ստորագրի: Ապահովագրությունը կարելի է ձեռք բերել սահմանային անցակետում: Ապահովագրական փաթեթի արժեքը կախված է մեքենայի տեսակից եւ ապահովագրական շրջանի ժամկետից: Ավտոմեքենան հնարավոր կլինի ապահովագրել 15, 30 կամ 90 օրով, ինչպես նաեւ մեկ տարով:
Ապահովագրությունը պետք է ծածկի ճանապարհային վթարի ընթացքում տուժածներին պատճառված ֆիզիկական եւ նյութական վնասները:
Ապահովագրությունը չի ծածկի ապահովագրված անձի կանխամտածված գործողությունները վտանգավոր նյութերի փոխադրման վնասները, ահաբեկչական հարձակումների, ռազմական գործողությունների եւ ռազմական մանյովրների վնասները, ինչպես նաեւ մրցույթների, զորավարժությունների կամ փորձարկումների ժամանակ առաջացած վնասը:
Վրացական սահմանին մինչեւ 3,5 տոննա կշռով մարդատար մեքենաները, անկախ շարժիչի ծավալից, Վրաստանում 15 օրվա համար պետք է 30 լարի, 30 օրվա համար՝ 50 լարի վճարեն, տարեկան ապահովագրությունը կարժենա 295 լարի:




























