«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը NEWS.am-ի հետ զրույցում խոստովանել է, որ իր մարզպետ աշխատած տարիներին ինքն էլ է դիմել Սերժ Սարգսյանին Արենիի համայնքապետին ներելու համար: «Մեկ անգամ էլ ես եմ դիմել, բայց թույլ չտված չարաշահման համար: Այսինքն՝ իրականում գոյություն չուներ չարաշահում, բայց իրավապահ համակարգի կողմից ներկայացված էր չարաշահման դեպք, նախագահին դիմեցի, որ արդարությունը վերականգնվեր: Արենիի գյուղապետի համար եմ միջնորդել: Քրեական գործով իբրեւ Արենիի գյուղի տարածքում ապօրինի սնունդի օբյեկտ էր գործում: Մեղադրում էին, որ անգործությամբ խախտել է օրենքը, բայց նա մեղավոր չէր»,-ասաց Սերգեյ Բագրատյանը:
Դիտակմանը՝ իր ղեկավարման ժամանակ մարզպետարանում հայտնաբերված բենզինի յուրացման փաստով քրեական գործ էր հարուցվել, որեւէ մեկը քրեական պատասխանատվության չենթարկվեց, դա նշանակո՞ւմ է, որ իրեն էլ ներեց Սերժ Սարգսյանը, Բագրատյանն արձագանքեց.
«Ինձ ինչի պիտի ներեին, բացեք տեսեք, որ այդ գործընթացը գյուղնախարարությունը հանձնել էր մարզպետարանի գյուղատնտեսական վարչության պետին, մարզպետը որեւէ գործառույթ չի ունեցել: Ես որպես վկա եմ եղել: Այդ գործն ի վերջո ավարտվել է վնասի փոխհատոցումով: Գտել են, որ թերությունները զանցանքի մակարդակի են, ոչ թե հանցանքի, վնասը փոխհատուցվել է ու ավարտվել է պատասխանատվությունը»:
Նախկին մարզպետը կարծում է, որ համայնքապետներին ներելիս՝ Սերժ Սարգսյանը առաջնորդվել է օրենքի ոգով, ոչ թե տառով:
«Եթե ուշադիր նայեք օրենքի բովանդակությունը, հստակ է տառին եւ ոգուն համապատասխան: Օրենքի ոգին հենց այն բոլոր չնախատեսված դեպքերն են, որտեղ կա որոշակի անմեղության կանխավարկած, որոշակի թերացումներ,որ միշտ չէ որ հանցագործություններ են»:
Հիեցնենք, որ Սերժ Սարգսյանը տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ հայտարաել էր, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը եւ այն օգտագործում են անհասկանալի եւ անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, որ տարբեր խորամանկություններով, տարբեր ձեւերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, որ անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ: Սերժ Սարգսյանը խոստովանել էր, ներողամիտ է եղել համայնքապետների նկատմամբ:




























