Միխայիլ Սաակաշվիլիի հակառակորդները Կիեւի կենտրոնում՝ Նեզալեժնոստի մայդանում շենքի վրա պաստառ են փակցրել՝ «Միշային՝ Վրաստան, Պետյային՝ Գագաուզիա» գրությամբ, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականը:

Կիեւի կենտրոնում ընթանում է «Սուրճ Կրեշչատիկում» ակցիան, որին, ուկրաինական լրատվամիջոցների տեղեկություններով, մասնակցում է մոտ 200 մարդ: ՈՒՆԻԱՆ գործակալության տեղեկություններով՝ «ակցիայից բացակայում են քաղաքական դրոշները կամ խորհրդանիշները», նրա մասնակիցները «տաք ըմպելիքներ են խմում»: Ակցիայի Facebook-ի էջում հաղորդվում է, որ նպատակը հանրությանը մի փոքր այլ պատկեր ցուցադրելն է, քանի ամենշաբաթյա քաղաքական խրախճանքը եւ Հոկտեմբերյան պալատի գրոհի փորձը»:

«Ազգային կորպուսի նեկայացուցիչները «Գլոբուս» հեռուստակայանի պատին վիթխարի պաստառ են փակցրել՝ «Միշային՝ Վրաստան, Պետյային՝ Գագաուզիա» գրությամբ»,- նշված է «Ուկրաինսկայա պրավդայի» հրապարակման մեջ:

Ավելի վաղ Պորոշենկոն Սաակաշվիլիին ուկրաինական քաղաքացիությունից զրկել էր: Նախագահի աշխատակազմում դա պարզաբանել էին այն հանգամանքով, որ Սաակաշվիլին այն ստանալիս ոչ հավաստի տեղեկություններ է ներկայացրել: Սեպտեմբերի 10-ին Սաակաշվիլին կողմնակիցների աջակցությամբ Լեհաստանից Ուկրաինայի տարածքում էր հայտնվել՝ ճեղքելով սահմանապահների եւ իրավապահների արգելափակոցը: Քրեական գործ է հարուցվել 5 հոդվածով, այդ թվում՝ անձանց սահմանի ապօրինի անցումը կազմակերպելու եւ իրավապահներին դիմադրելու համար:

Սաակաշվիլին հայտարարել է, որ սահմանը հատելիս օրենք չի խախտել եւ մտադիր է  դատարանում պաշտպանել Ուկրաինայի իր քաղաքացիությունը: Նա պնդում է, որ իրավապահները խուզարկություն կատարելիս իր անձնագիրը գողացել են, սակայն ոստիկանությունից նրա հայտարարությունը հերքել են: