«Խոսրովի անտառ» պետական արգելոցում նախնական հաշվարկներով հրդեհի մեջ ընդգրկված ընդհանուր տարածքը կազմում է 2 հազար 2 հարյուր հա, որտեղ չվառված տարածքը՝ 365 հա, շատ քիչ վառվածը՝ 525 հա, միջին վառվածը՝ 1200 հա, շատ վառվածը՝ 110 հա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, 2017թ.-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«Ըստ անտառշինական քարտեզների՝ հրդեհի մեջ ընդգրկված տարածքում կաղնու անտառածածկ տարածքը կազմում է 900 հա, գիհուտը կազմում է 200 հա, իսկ խոտածածկը՝ մոտ 1100 հա: Կաղնու անտառները շատ քիչ են վնասվել, հիմնականում վնասվել են գիհու նոսր անտառներն ու խոտածածկը: Հրդեհից մոտ մեկ ամիս անց այրված տեղամասերում արդեն նկատվել եւ արձանագրվել են խոտաբույսերի եւ ծառաթփային բույսերի վերականգնման պրոցեսները: Սա փաստում է, որ արմատային համակարգը չի վնասվել»,- ասաց նախարարը:

Հրդեհի տարածման հիմնական նպաստող հանգամանքը, ըստ Արծվիկ Մինասյանի, բուսածածկի տակ գտնվող, տարիներով կուտակված հումուսի առկայությունն էր, որն այրվում էր առանց տեսանելի կրակի բոցի եւ կրակը տարածվում էր մեկ ծառից մյուսը ցերեկային ժամերին, երբ ջերմաստիճանի ֆոնն ավելի բարձր էր. «Հրդեհի առաջին օրերին հրդեհի տարածմանը նպաստում էին նաեւ լանջերի վրա այրվող առանձին ծառերի բնի հիմքում գտնվող շիկացած քարերը, որոնք գլորվելով ներքեւ առաջացնում էին հրդեհի նոր օջախներ»:

Բռնկված խոշոր հրդեհի հետեւանքով որոշակի վնաս են կրել անողնաշար կենդանիներից մորեխները, որոնք ակտիվ են ուշ ամռան ժամանակահատվածում, խոշոր կենդանիների այրված մնացորդներ չեն հայտնաբերվել: Նախարարի խոսքով, 2018թ.-ի ընթացքում արգելոցը կունենա արագընթաց մեքենաներ եւ կարվի ամեն ինչ:

Նշենք, որ օգոստոսին բռնկված խոշոր հրդեհի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, արդեն կա մեղադրյալ: Նախաքննությունը շարունակվում է: