2017 թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Գեւորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով շարունակվեց ապացույցների հետազոտումը եւ հարցաքննվեց ամբաստանյալ Հարութ Մուրադյանը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակից NEWS.am-ը տեղեկանում է, որ նա առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց եւ հայտարարեց, որ վարույթն իրականացրած քննիչն սպառնացել է իրեն։ Կողմերը հարցեր ուղղեցին ամբաստանյալին, որից հետո տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երեւանի ներկայացուցչության իրավաբան Տ․ Սիրադեղյանը միջնորդեց հրապարակել ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները, քանի որ դրանց եւ դատաքննության ընթացքում տրված ցուցմունքների միջեւ առկա էին էական հակասություններ։ Միջնորդությունը բավարարվեց, իսկ ցուցմունքների հրապարակումից հետո ամբաստանյալը պնդեց դատաքննության ընթացքում տրված ցուցմունքները։ Դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդը միջնորդեց հրապարակել նաեւ Գեւորգ Խաչատրյանի հոր եւ հորեղբոր նախաքննական ցուցմունքները, սակայն, միջնորդությունը մերժվեց։ Ապա հետազոտվեցին առերես հարցաքննությունների եւ հետմահու դատահոգեբանական փորձաքննության եզրակացություն տված փորձագետի հարցաքննության արձանագրությունները։ Հետազոտված ապացույցների առնչությամբ միջնորդություններ կամ դիրքորոշում ունենալու դատավորի հարցին ի պատասխան՝ մեղադրող Ս․ Խաչատրյանը հայտնեց, որ տուժողների, վկաների ու ամբաստանյալների նկատմամբ ճնշում գործադրելու մասին վերջիններիս ցուցմունքները նպատակ են հետապնդում հաղորդում ներկայացնելու ՀՀ Գլխավոր դատախազություն, եւ այս հիմքով խնդրեց ապացույցների հետազոտման փուլը չավարտել եւ հետաձգել դատական նիստը։ Տուժող կողմը միացավ ներկայացված միջնորդությունը՝ նշելով, որ անհրաժեշտ է իրավական գնահատական տալ ինչպես քննիչների գործողություններին, այնպես էլ տուժողների ու վկաների ցուցմունքների արժանահավատությանը։ Պաշտպանական կողմն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ հարցը կարող է լուծվել սույն գործով քննիչին որպես վկա դատարան հրավիրելու միջոցով։ Սակայն դատարանը հիմնավոր համարեց մեղադրող Ս․ Խաչատրյանի միջնորդությունը եւ դատական նիստը հետաձգեց մինչ 2018 թ․ հունվարի 31-ը:
Հիշեցնենք՝ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ուղեկալի պետ, կապիտան Մհեր Ոսկանյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի երկրորդ մասով, 375 հոդվածի առաջին մասով, 360 հոդվածի երկրորդ մասով), ուղեկալի ավագ, ենթասպա Հովիկ Քալաշյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի առաջին մասով, 375 հոդվածի առաջին մասով), ինչպես նաեւ ժամկետային զինծառայող Հարություն Մուրադյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով, 364.1 հոդվածի առաջին մասով՝ երկու դրվագով եւ 359 հոդվածի երրորդ մասով):
Նախաննությամբ պարզվել է, որ ողբերգությունը սկսվել է կապիտան Մհեր Ոսկանյանի կազմակերպած թղթախաղից։ Կապիտանը պայման է դրել, որ պարտվողը պետք է 7 օր ճաշարանի կերակուրի ավելցուկը հավաքի եւ կերակրի զորամասի մոտ գտնվող իրեն պատկանող անասնագոմում պահվող խոզերին։ Շարքայինները պարտվել են եւ կատարել պայմանը։ Դեպքի օրը Գեւորգը հեռախոս է խնդրել ծառայակիցներից, առանձնացել է, մի քանի զանգ կատարել, հեռախոսը վերադարձրել եւ հեռացել, ինչից հետո հնչել է կրակոց, Գեւորգին գտել են կզակին ստացած հրազենի վնասվածքից մահացած։ Քննությամբ նաեւ պարզվել է, որ շարքային Հարութ Մուրադյանը բռնության է ենթարկել Գեւորգին, ծաղրել, բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։



























