ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու  դեպքեր։ Մեղադրանք է առաջադրվել 4 անձի:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2017 թվականի հունիսին հաղորդում էր ստացվել, որ լույս 27-ի գիշերը գողացել են Ագարակի բնակչի 2 գլուխ ոչխարը։ Գողության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի հատկանիշներով, որով նախաքննությունը կատարվել է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում։  Ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Կապանի բնակիչներ՝ ծնված 1980 եւ 1991 թվականներին, մեխանիզմը:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2017թ. հունիսի 26-ին Կապան քաղաքի երկու բնակիչը անձնական գործերով մեկնել են Սյունիքի մարզի գյուղերից մեկը եւ վերադարձի ճանապարհին՝ հունիսի 27-ի գիշերը, Ագարակ գյուղի բնակչի անասնագոմից հափշտակել են երկու ոչխար եւ դիմել փախուստի, սակայն նրանցից մեկը դեպքի վայրի մոտակայքում մոռացել է իր վերնաշապիկը:

Քրեական գործով իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Կապանի 1980թ. բնակչի անմիջական առնչությամբ ձեռք է բերվել նաեւ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ինչպես նաեւ պարզվել թմրամիջոցն իրացնողի ինքնությունը, բացահայտվել թմրամիջոցի ապօրինի շրջանառության եւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու  այլ դրվագներ եւս։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 4 անձի. նրանցից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ 268-րդ հոդվածի 1-ին մասով, երրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 268-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, եւս մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով: Երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: