Չինուհի Կեսին Լիուն արդեն 1.5 տարի է՝ Հայաստանում է ուսանողների փոխանակման ծրագրով: 23-ամյա Կեսինը այստեղ է հայերեն սովորելու եւ հետագայում Չինաստանում հայերեն դասավանդելու նպատակով:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Կեսինը պատմում է, որ ի սկզբանե Հայաստան էր եկել ռուսերեն սովորելու համար, սակայն, հետո մտափոխվել է եւ ընդունվել Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետ: Մագիստրատուրայի առաջին կուրսում է սովորում, ասում է՝ հայերենը շատ դժվար լեզու է, բայց ինքն օր ու գիշեր պարապում է` հայերենին լավ տիրապետելու համար:
«Երբ ուսանողների փոխանակման ծրագրի մասին իմացա, Հայաստանի մասին ոչինչ չգիտեի, նույնիսկ տեղը քարտեզի վրա չէի իմանում... համացանցով փնտրեցի, հավանեցի Հայաստանն ու որոշեցի գալ: Չինաստանում ես ռուսերեն էի սովորում, եկա Հայաստան ռուսերենս խորացնելու համար, բայց հետո հասկացա, որ հայերեն էլ պետք է սովորեմ: Հայաստանում հետաքրքիր է՝ մարդիկ ձգտում են առնվազն երկու օտար լեզու իմանալ, Չինաստանում այդպես չէ»,- ասում է Կեսինը:
Այս ամիսների ընթացքում Կեսինը բավականին հայերեն բառեր է սովորել. նախադասություններ կազմում է, բայց կարծես թե դեռ ամաչում է մարդկանց հետ հաղորդակցվել: 23-ամյա չինուհին խոստովանում է՝ խոսակցական հայերեն լավ հասկանում է, բայց խոսելն այդքան էլ լավ չի ստացվում. «Դասերիս հարցում կուրսեցիներս են շատ օգնում, դասախոսներն էլ ինձ համար ավելի մատչելի նյութեր են տալիս, որ կարողանամ պարապել: Կարծում եմ՝ լեզուն լավ սովորելու համար երկու տարին շատ քիչ է, մտածում եմ նույնիսկ, որ ծրագրի ավարտից հետո կվերադառնամ Չինաստան, բայց հետո նորից Հայաստան կգամ՝ գիտելիքներս խորացնելու համար»:
Կեսինը Հայաստանին, հայկական ավանդույթներին ու մշակույթին կամաց-կամաց սովորում է: Ասում է, որ իհարկե, Չինաստանի հետ տարբերություններ կան, բայց ինքը Երեւանում իրեն շատ լավ է զգում: 1,5 տարվա ընթացքում հասցրել է ծանոթանալ շատ հայերի հետ, ընկերներ եւ բարեկամներ ձեռք բերել:
«Ամենամեծ տարբերությունը, իհարկե, դեմքն է (ծիծաղում է- հեղ.), հենց տեսնում են փողոցում, միանգամից հարցնում են՝ չինացի՞ ես, ճապոնացի՞, թե՞ ֆիլիպինցի: Երկրորդ տարբերությունը խոհանոցի մեջ է: Չինաստանում մենք ավելի շատ ձուկ ենք օգտագործում, ամեն ինչ պատրաստում ենք նույն պահին եւ ուտում, Հայաստանում զարմացա, երբ տեսա, որ ընկերներս պատրաստում են, դնում սառնարանում, հետո քիչ-քիչ ուտում: Երրորդ, սուրճ ու թեյ խմելու տարբերություններն են. Չինաստանում կանաչ թեյ են շատ խմում, Հայաստանում՝ շատ սուրճ»,- նշում է Կեսինը:
Ուսման ծանրաբեռնվածության հետ Կեսինը կարողանում է նաեւ ճամփորդել, ամիսներ առաջ Արցախ էր մեկնել ու շատ է տպավորվել այնտեղի բնությամբ. «Ստեփանակերտում ապրող ընկերուհի ունեմ, նրան էի հյուր գնացել: Շատ սիրուն է Արցախը, շատ հավանեցի»:
Մագիստրատուրան ավարտելուց հետո Կեսինն ամենայն հավանականությամբ կվերադառնա Չինաստան՝ մի օր նորից Երեւան գալու ակնկալիքով:




























