Վերին Լարսին այլընտրանք համարվող ճանապարհները կարող են բացվել հայկական ապրանքների համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությանը, թե ֆորսմաժորային իրավիճակներում Հայաստանը կարող է օգտվել տրանսպորտային ուղիներից Աբխազիայով եւ Հարավային Օսիայով ՌԴ-ից ապրանքների ներկրման համար:
Գագիկ Մինասյանը խոսքով, տասնյակ տարիներ այդ ճանապարհները փակ են եղել՝ կապված ռուս-վրացական չկարգավորված հարաբերությունների հետ. «Բացի Վերին Լարսից երկու մայրուղի կա Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ՝ մեկը աբխազականն է, մյուսը՝ Հարավային Օսիայի տարածքով: Քանի որ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ կոնֆլիկտ գոյություն ունի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ կապված, այդ առումով, որեւէ հաղորդակցություն այդ ճանապարհով չի իրականացվում:
Բայց ըստ բավականին հավաստի լուրերի գտնվել է մի լուծում, որը թույլ է տալիս իրականացնել հաղորդակցություն երկու երկրների միջեւ Աբխազիայով եւ Հարավային Օսիայով՝ պահպանելով Վրաստանի դիրքորոշման ակտուալությունը այդ տարածքների նկատմամբ»,-ընդգծեց նա:
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով, շվեյցարական մի ընկերություն պետք է ապահովի այն գործառույթները, որը սովորաբար իրականացվում է Վրաստանի մաքսային ծառայությունների միջոցով. «Պատկերավոր ասած, ապրանքը պետք է Վրաստանից մտնի Աբխազիա՝ չիրականացնելով այն գործառույթները, որոնք սովորաբար իրականացնում են մաքսային ծառայությունները:
Սա Վրաստանի համար շատ կարեւոր է, որովհետեւ եթե դուք Վրաստանից գնում եք Աբխազիա մաքսային սահման հատելով, դա արդեն նշանակում է, որ Վրաստանը ճանաչում է, որ Աբխազիան իր տարածքից դուրս է:
Այս լուծումը, կարծես թե, ընդունելի է եւ Վրաստանի եւ Ռուսաստանի համար: Եթե այդպես է, ապա կարծեք թե, խնդիրը լուծվում է»,-ընդգծեց Գագիկ Մինասյանը:
Հարցին, թե երբ կարող ենք ականատես լինել այդ ճանապարհների բացմանը, նա արձագանքեց. «Դրա հետ կապված կա նախնական պայմանավորվածություն, որ դրանք պետք է գործարկվեն այն ժամանակ, երբ Վերին Լարսում ֆորսմաժորային իրավիճակ է, այսինքն ճանապարհն անանցանելի է: Եթե այն, ինչի մասին տեղեկատվությունը կա, կյանքի կոչվի, դա իրական բարելավում կլինի մեր արտաքին ապրանքաշրջանառության համա: Դրա մասին են վկայում ադրբեջանական մամուլի հրապարակումները, որտեղ իրենք, մեղմ ասած, չափազանց մտահոգված են այդ նոր զարգացումներով, որովհետեւ ըստ իրենց ձեւակերպումների, դա չի տեղավորվում Հայաստանը շրջափակելու իրենց գաղափարի մեջ»:
Նշենք, որ Վրաստանի վարչապետի այդ հայտարարությունը բուռն արձագանք է գտել Վրաստանում: Մասնավորապես, Վրաստանի Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեն հայտարարել է, որ Ռոկիի թունելով (աբխազական ճանապարհ-խմբ) այլընտրանքային ուղու գործարկումն այսօր հնարավոր չէ՝ ելնելով քաղաքական պատճառներից, քանի որ Վրաստանը չի կարող իրեն զոհաբերել, Վրաստանի իշխանությունները չեն կարող ընթանալ ինքնասպանության ճանապարհով. «Շվեյցարական ընկերության հետ պայմանագիրը պետք է հրապարակվի, որպեսզի հասարակությունը դադարի մեղադրել Վրաստանի իշխանություններին մութ գործարքների մեջ: Եթե Վրաստանը գնա այս ուղիով, կնշանակի՝ ճանաչում եւ ընդունում է ռուսական օկուպացիան»,-ասել է նա:
Իր հերթին, ռուսական կողմը դեռ չի ստորագրել այդ պայմանագիրը: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրերս հայտարարել էր, որ Մոսկվան «դրական է գնահատում պայմանագրի ստորագրումը` առաջինը փաստաթղթերից, որ պետք է ընդունեն վրացական, ռուսական, շվեյցարական կողմերը համաձայնագրի լայնամասշտաբ իրականացման համար»:
Ադրբեջանական կողմն էլ փորձագիտական մակարդակում զգուշացրել է վրացական կողմին՝ կոչ անելով վտանգի տակ չդնել տարածաշրջանային հզոր նախագծերը, որոնցում ներգրավված են Բաքուն եւ Թբիլիսին: Ադրբեջանական մամուլն այս միջանցքի վերագործարկման հարցը որակում է՝ որպես Հայաստանի եւ ՌԴ-ի կողմից իրականացվող տարանցիկ ինտրիգներ, որոնք ուղղված են Թբիլիսի-Բաքու-Անկարա ռազմավարական առանցքի տապալմանը:




























