Ուրբաթ առավոտյան 5 ահաբեկիչ հարձակում է գործել Կահիրեի արվարձաններից մեկում գտնվող Մար-Մինա եկեղեցու վրա: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով «Ալ-Վաթան» թերթը:
Ներկայումս հարձակվողներից 3-ը չեզոքացվել են, այդ թվում նաեւ՝ մահապարտ ահաբեկիչը, որը, ամենայն հավանականությամբ, պետք է տաճար մտներ:
Ստացվող տեղեկությունների համաձայն` միջադեպի վայրի մոտ գտնվող տներից մեկից ակտիվ փոխհրաձգության ձայներ են լսվում:
Մար-Մինա եկեղեցին այժմ շրջափակված է: Երկրի ներքին գործերի նախարարությունը ենթադրում է, որ ծայրահեղականները հանցակիցներ են ունեցել: «Ալ Արաբիա» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ահաբեկիչների հանցակիցներից մեկին հաջողվել է փախչել դեպքի վայրից:
Ինչպես հաղորդում է Al-Masry Al-Youm-ը, հանցագործների հետ փոխհրաձգության ժամանակ 4 ոստիկան եւ 2 խաղաղ բնակիչ է զոհվել:
ՆԳՆ-ի պաշտոնական տվյալների համաձայն՝ փոխհրաձգության հետեւանքով 5 մարդ է զոհվել, եւս 5-ը վիրավորվել է: Զոհերի ինքնությունը չի նշվում: Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը պաշտոնապես հաստատում է միայն երկու ոստիկանի մահվան փաստը:




























