Թայվանի նախագահ Ցայ Ինվենը Չինաստանի աճող վստահության պայմաններում խոստանում է կղզու ինքնիշխանության պաշտպանության համար ռազմական ծախսերն ավելացնել, հաղորդում է AP-ն:

 «Տարածաշրջանում Չինաստանի ռազմական ներուժի ընդլայնման փորձը դառնում է ավելի ակնհայտ», - ասել է Ցայը: «Թայվանը պետք է պաշտպանի իր ինքնիշխանությունը եւ ցանկանում է պաշտպանել տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը եւ բարգավաճումը»:

Ընդ որում, նա չի նշել, թե որքանով կավելացվեն ռազմական ծախսերը, սակայն հոկտեմբերին ազգային անվտանգության ներկայացուցիչը հայտարարել էր, որ կառավարությունը նախատեսում է ամեն տարի պաշտպանական ծախսերը առնվազն 2 տոկոսով ավելացնել:

Այս տարի Պեկինը 2016-ի համեմատ ռազմական ծախսերը 7 տոկոսով  ավելացրել է:

Ցայ Իվենը նշել է ներքին զարգացման եւ զենքի արտադրության կարեւորությունը: ԱՄՆ կառավարությունը հավանություն է տվել Թայվանին 1.4 մլրդ դոլարի զենքի վաճառքին, սակայն Պեկինի արձագանքը մեղմելու համար Թայվանի ցանկացած բոլոր զենքերը չի տրամադրելու: