Աբովյանցի 16-ամյա Էդմոնդ Հովհաննիսյանը մանկուց ունի լսողական խնդիրներ. այդ ամենն ի հայտ է եկել 1,5 տարեկանում, երբ ծանր մենինգիտով է հիվանդացել: Հիվանդությունն անհետեւանք չի մնացել ու ամբոջությամբ ազդել է երեխայի զգայարանի վրա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Էդմոնդի մայրը՝ Վարսենիկ Հովհաննիսյանը։
«Հիվանդությունն ազդել է Էդմոնդի լսողության եւ խոսքի վրա: Այժմ նա ունի 4-րդ աստիճանի լսողական խնդիրներ, սարքի միջոցով է լսում: Նրա վիճակը շատ ծանր է եղել, խոսքն էլ զարգացած չի եղել, 8 տարեկանից նոր սկսել է խոսել, այն էլ տարբեր կենտրոններ հաճախելուց հետո: Ճիշտ է, այսօր ամբողջությամբ բացված չէ խոսքը, բայց բավականին հաջողություններ ունենք»,-պատմեց Վարսենիկ Հովհաննիսյանը։
Էդմոնդի մոր պատմելով՝ տղան փոքր տարիքից մեծ սեր է ունեցել լուսանկարչության հանդեպ: Այդ ամենը վերջինս սովորել է հորից: Չնայած իր առողջական խնդիրներին՝ Էդմոնդը շատ նպատակասլաց է, մեծ ձգտումների տեր. «Ես շատ եմ սիրում լուսանկարել, դրանով հանգստանում եմ, սիրում եմ ամեն ինչ նկարել, բայց հիմնականում մայրամուտ: Շատ երազանքներ ունեմ, ոստիկան եմ ուզում դառնալ, նաեւ լավ լուսանկարիչ»,-նշեց Էդմոնդը:
Էդմոնդի հայրը օպերատոր-լուսանկարիչ է եւ տղային իր հետ ամեն տեղ տանում է: Ծնողների նպատակը հասարակության մեջ տղային ինտեգրելն է, քանի որ կա այդ խնդիրը. «Էդմոնդը ոչ միայն լսողական, այլ նաեւ հաղորդակցվելու խնդիր ունի: Ահա այստեղ է, որ մենք հանդիպում ենք մեծ դժվարությունների: Մեծահասակների մոտ, ոչինչ, փոխվել է ընկալումը հատուկ կարիքներ ունեցող երեխաների նկատմամբ, բայց այ Էդմոնդի հասակակիցների շրջանում դեռ այդ պատնեշը կա: Երբեմն լսողական խնդիրների պատճառով նույնիսկ վեճեր են ծագում: Այդ է պատճառը, որ Էդմոնդի հայը մեր տղային ամեն տեղ տանում է, որպեսզի եւ տղաս, եւ մյուսները սովորեն ընկալել միմյանց ու Էդմոնդը հասարակությունից չկտրվի: Լուսանկարչության հանդեպ սերն էլ արթնացավ հոր հետ աշխատելու ընթացքում: Մենք աշխատում ենք նրա համար ամեն բան անել, որ գտնի իր տեղը կյանքում: Ցուցահանդեսների ենք մասնակցել: Մեկը «Մենք կարող ենք» հկ կողմից էր կազմակերպվել հատուկ կարիքներ ունեցող երեխաների մասնակցությամբ, մյուսն իր դպրոցում, որին ներկա էր նաեւ ԿԳ նախկին նախարար Աշոտյանը ու այնքան էր հավանել Էդմոնդի աշխատանքները, որ պրոֆեսիոնալ ապարատ նվիրեց:
Հիմա Էդմոնդի համար լուսանկարչությունը հոբբից վերածվել է աշխատանքի. դրանով նա նաեւ վաստակում է: Էդմոնդը միայն լուսանկաչությամբ չի սահմանափակվում: Այժմ հաճախում ենք կավագործության պարապմունքների, նա մեծ սիրով նաեւ այդ գործն է անում: Ես հպարտանում եմ նրա մարդ տեսակով, նա ուրիշ է: Այսօր ես որպես մայր շատ եմ պայքարում, որպեսզի քանդեմ պատնեշը հատուկ կարիքներ ունեցող երեխաների եւ հասարակության մյուս անդամների միջեւ, որովհետը իմ տղան եւս հասարակության լիիրավ անդամ է եւ լավ կլիներ, որ բոլորը վերջապես փոխեն իրենց վերաբերմունքը: Մի քիչ ավելի շատ սրտացավություն եմ ուզում, կարեկցանք: Էդմոնդը մեր միակ երեխան է ու նրա համար լավագույնն ենք ուզում»,-պատմեց Վարսենիկ Հովհաննիսյանը:
Էդմոնդի ծնողներն այսօր մի երազանք ունեն, որպեսզի հանրությունը հատուկ կարիքներ ունեցող մարդկանց վերաբերի որպես հավասարը հավասարին:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)




























