Հնդկաստանի Գոա նահանգի իշխանությունները հունվարին կվերանորոգեն Մապուսա քաղաքի հին բանտը ու այն կվերածեն վիզային ռեժիմը խախտած  օտարերկրացիների համար կենտրոնի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նման կենտրոն ստեղծելու պատճառն այն է, որ շատ օտարերկրացիներ, ժամանելով այստեղ, մնում են ավելի երկար, քան հնդկական վիզաներն են թույլատրում։ Իրավախախտներին պահելու են կենտրոնում մինչև ձևակերպվեն նրանց փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են նրանց հայրենիք արտաքսելու համար։

Յուրաքանչյուր ձերբակալվածի մասին պարտադիր հայտնելու են այն երկրի դեսպանատանը, որտեղից նա ժամանել է, խոստացել է Գոայի փոխոստիկանապետ Ռուպինդեր Կումարը։

Կենտրոնի բացման մասին նորությունը արագ տարածվել է ամբողջ նահանգում, ու տեղի բնակիչները արդեն այդ կենտրոնն անվանել են «անվճար հյուրանոց»։ Նրանցից շատերի կարծիքով՝ Գոայում վաղուց կար նման կենտրոնի կարիք։