ԱՄՆ Կալիֆորնիական համալսարանի գիտնականները՝ բույսերի գեմոնիկայի բաժնի տնօրեն Մայո Ջե Չոյի ղեկավարությամբ ներկայացրել են կակաոյի սերմերի ԴՆԹ կառուցվածքի խմբագրման մեթոդը, որը կօգնի շոկոլադի ծառը հարմարեցնել գլոբալ տաքացմանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Տեխնոլոգիան, որը ստացել է CRISPR  անվանումը, թույլ կտա կակաոն ավելի կայուն դարձնել չոր ու շոգ կլիմային, նաև կավելացնի բույսերի բերքատվությունը։ Հիմա մասնագետները ակտիվ համագործակցում են հրուշակեղեն արտադրողների հետ, որոնք հովանավորում են այդ մշակումները։

Պարբերականը նշում է, որ հիմա կակաոյի համաշխարհային բերքի կեսից ավելին բաժին է ընկնում Արևմտյան Աֆրիկայի երկու երկրների՝ Կոտ դ'Իվուարին ու Գանային։ Կակաոն աճում է միայն հասարակածային տարածքներում։ Ընդ որում ծառին անհրաժեշտ է մշտական տաք եղանակ ու կայուն բարձր խոնավություն։

Սակայն ըստ կանխատեսումների՝ կլիմայի փոփոխությունը, որը հանգեցնում է տարածաշրջանում տեղումների քանակի նվազմանը, մինչև 2050 թ գրեթե ամբողջությամբ կոչնչացնի կակաոյի պլանտացիաները։ Այս կապակցությամբ արդեն մի քանի տարի գիտնականները փորձում են ստեղծել կակաո ծառերի ավելի դիմացկուն տեսակներ։