Հայաստանում հարկային քաղաքականությունն անարդար է, պետք է վարել պրոգրեսիվ եւ դիֆերենցված հարկային քաղաքականություն, մինչդեռ մեզ մոտ առկա է կիսապրոգեսիվ հարկային քաղաքականություն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ, ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը՝ անդրադառնալով այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսգրքին։

Նշենք, որ ըստ նոր Հարկային օրենսգրքի փոխվել է եկամտային հարկի սանդղակը։ Նախկինում ամսական մինչեւ 120 դրամ աշխատավարձ ստացողները վճարում էին 24,4 տոկոս եկամտային հարկ, իսկ այժմ մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները կվճարեն 23 տոկոս եկամտային հարկ։ Փոխարենը բարձրացել է եկամտային հարկը 150 հազար դրամից մինչեւ 2 մլն դրամ աշխատավարձ ստացողների համար՝ 26 տոկոսից դառնալով 28 տոկոս։ Հատկանշական է, որ 2 մլն դրամից ավելի ստացողների համար եկամտային հարկի դրույքաչափը չի փոխվել, մնացել է 36 տոկոս։ Իշխանությունները դա բացատրում են նրանով, որ բարձր աշխատավարձերը պարզապես չեն հայտարարագրի, կթաքցնեն։  

Զոյա Թադեւսյանը կարծում է, որ բոլոր երկրներում էլ եկամուտներն ու հարկերը թաքցնում են, ու չի կարելի նման հիմնավորմամբ արտոնյալ վիճակ ստեղծել բարձր եկամուտ ստացողների համար։

«Ցանկացած քաղաքականություն վարելիս, այդ թվում հարկային, արդարության սկզբունքը պետք է պահպանել։ Ես չգիտեմ, թե ինչով են նրանք բացատրում 2 մլն դրամից ավելի եկամտի դեպքում եկամտային հարկը չբարձրացնելը, եւ փորձում են դրանով բացատրել իրենց սխալ մեթոդաբանությունը, նրանք թող լավ իմանան, որ այսօր էլ հարկերը թաքցվում են, անկախ նրանից, թե հարկային դրույքաչափերի ինչպիսի դիֆերենցում կա։ Հարկերը թաքցնում են բոլոր երկրներում, բոլոր կառավարությունների ժամանակ, այդ թվում զարգացած երկրներում։

Բայց վերցնել 2 մլն դրամից ավելի եկամուտ ունեցողների համար արտոնյալ վիճակ ստեղծել, ճիշտ չէ։ Մի բան է, որ թաքցնում են եկամուտներն ու հարկերը, մեկ այլ բան է, երբ պետությունն ասում է՝ լավ, քանի որ թաքցնելու եք, մի վճարեք, քանի որ գողանում եք, ազատ գողացեք, մի նեղվեք, որ հարկային քաղաքականությունը կարող է ձեզ առնչվել, հանգիտ արեք, ինչ անում եք։ Դա ամենաանարդար մոտեցումն է 150 հազար դրամ ստացողների հանդեպ»,-ընդգծեց տնտեսագետը։

Նրա խոսքով, 150 հազար դրամից մինչեւ 2 մլն դրամ աշխատավարձի միջեւ հսկայական տարբերություն կա եւ այդ միջակայքում դիֆերենցված սանդղակ պետք է լիներ, այսինքն  պրոգրեսիվ հարկային քաղաքականություն պետք է վարվեր. «Մինչդեռ իշխանությունների մոտեցումը կիսապրոգրեսիվ հարկային քաղաքականություն է։ Իսկ 2 մլն դրամից ավելի դեպքում պետք է հարկվեր 40 տոկոսից բարձր տոկոսադրույքով։

Իսկ ազատել նրանց հարկերի խստացումից ինչ-որ տգետ ենթադրությամբ, գեղացու մտածողությամբ, արդար չէ ու ճիշտ չէ»,-իր խոսքն ամփոփեց Զոյա Թադեւոսյանը։