Մեղադրողը Վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացրել եւ փորձագետ Կարեն Վարդանյանին սպանելու մեջ մեղադրվողների համար ցմահ ազատազրկում է պահանջում: Նշենք, որ Առաջին ատյանի դատարանը փորձագետի սպանության մեջ մեղադրվողներ Գեւորգ Զոհրաբյանին 24, Արթուր Միհրանյանին՝ 22 տարվա ազատազրկման էր դատապարտել:

Ամբաստանյալ Գեւորգ Զոհրաբյանն իր հերթին է բողոք ներկայացրել եւ պահանջում է բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռն ու արդարացնել իրեն:

Վերաքննիչ դատարանն այս գործով բողոքի քննությունը նշանակել է հունվարի 10-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` փորձագետ Կարեն Վարդանյանի սպանությունը տեղի է ունեցել 2016 թ. մարտի 17-ին: Նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ Սեւանի Աղթամար թերակղզու մոտ Գեւորգ Զոհրաբյանը եւ Արթուր Միհրանյանը քարի բազմաթիվ հարվածներ էին  հասցրել Կարեն Վարդանյանի գլխին։ Այնուհետեւ տեսնելով նրա անշնչացած մարմինը եւ հասկանալով, որ արդեն մահացել է՝ նրա դիակը ավտոմեքենայով  տեղափոխել են  Երեւան եւ թաղել Գեւորգ Զոհրաբյանին պատկանող ավտոտնակում։

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով (սպանություն կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել: