Մինչեւ հունվարի վերջ Իրաքը կսկսի Քիրքուքի հյուսիսային հանքավայրերից նավթ արտահանել Իրան: Այս մասին լրագրողներին հայտնել է Իրաքի նավթի նախարար Ջաբար ալ-Լուայբին, գրում է Reuters-ը:

Նախարարի խոսքով՝ իրանական Քերմանշահի նավթի վերամշակման գործարան 30 հազար բարել նավթի հումք կարտահանվի: Նավթի հումքի մատակարարումն Իրան կիրականացվի երկու երկրների միջեւ կնքված համաձայնագրի շրջանակում:

Իրանն ու Իրաքը համաձայնություն են ձեռք բերել օրական մինչեւ 60 հազար բարել նավթի հումք փոխանակել իրանական նավթի դիմաց, որը կմատակարարվի հարավային Իրաք:

Երկու երկրները ծրագրում են նաեւ խողովակաշար կառուցել՝ Քիրքուքից նավթ փոխադրելու համար, որը կարող է փոխարինել Թուրքիայով եւ Միջերկրական ծովով անցնող երթուղուն: