«Երրորդմասցի Լյովիկի» եւ 2 ընկերների սպանության գործով դատական նիստն այսօր՝ հունվարի 16-ին, տեղի չոնեցավ: Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ՔԿՀ-ից չէին բերվել գործով երեք ամբաստանյալները: Դատարանից տեղեկացրին, որ ամբաստանյալները դատարան չեն բերվել ուղեկցող ոստիկանների ծանրաբեռնվածության պատճառով:
Նշենք, որ այսօր «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստ կա եւ այս օրերին ուղեկցող ոստիկանների ծանրաբեռնվածության պատճառով շատ դատական նիստեր չեն կայանում:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել եւ պահել զենք:
2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը եւ Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:



























