Անցած տարի Հայաստանում աճել է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ցուցանիշը:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ, վերջիններս ավանդաբար համարվում են լատենտայնության բարձր աստիճան ունեցող հանցագործություններ: Դրանց հայտնաբերումը, բացահայտումը, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց մեղավորության հիմնավորումը, հաճախ մեծ բարդություն է ներկայացնում  եւ պահանջում է քրեական հետապնդման մարմինների կողմից հետեւողական, գրագետ պլանավորված, արդյունավետ եւ համագործակցված գործողությունների իրականացում:

Նշվածով պայմանավորված՝ այս հանցատեսակների թվի աճը, ի տարբերություն վերը նշված հանցանքների, դրական է գնահատվում. այդպիսի դինամիկան խոսում է ոչ թե իրականում այդ հանցանքների ծավալների ընդլայնման, այլ՝ դրանց դեմ տարվող հատկապես քրեաիրավական պայքարի արդյունավետության բարձրացման մասին:

2017թ. ընթացքում միայն կաշառք ստանալու, կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության 163 դեպք է արձանագրվել, որը 92 դեպքով կամ 130 տոկոսով գերազանցում է 2016թ. տվյալը /71 դեպք/: Ընդ որում, վերջին 10 տարիներին, որպես կանոն, նկատվել է այս հանցագործությունների կտրուկ աճ՝ 2007թ.-7, 2017թ.-163: 

2017թ. ընթացքում կաշառք ստանալու մեղադրանքով դատի են տրվել 43 պաշտոնատար անձինք՝ 17-ով կամ 65 տոկոսով ավելի, քան 2016 թվականին/26 անձինք/:

Աճել են նաեւ պաշտոնական դիրքի չարաշահման, պաշտոնեական լիազորությունները սահմանազանցելու դեպքերը: 2017թ. ընթացքում արձանագրվել են այս բնույթի 150 դեպքեր՝ 14-ով կամ 10 տոկոսով ավել քան 2016 թվականին: Համեմատության համար նշենք, որ 2007 թվականին դրանք եղել են 26-ը:

2017թ. ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով դատի են տրվել 56 պաշտոնատար անձինք՝ կրկնակի ավել քան 2016 թվականին /28 անձինք/:

Տեսանելիորեն փոխվել է քրեական հետապնդման ենթարկված սուբյեկտների կազմը, մասնավորապես՝ 2017թ. ընթացքում կաշառք ստանալու համար քրեական հետապնդում է իրականացվել դատարանի  նախագահի, 2 դատավորի, դատախազի, 2 քննիչի, ՊԵԿ մաքսակետի պետի, տարածքային բաժնի 2 տեսուչի, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության հարցերի նախարարության ԲՍՓՀ գործակալության պետի, ՔԿՀ  պետի եւ 2 պաշտոնատար անձանց, ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության 4 տեսուչի, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Զվարթնոց» ՍՎԲ հերթափոխի  2 պետի նկատմամբ:

Առեւտրային կաշառքի, առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու առերեւույթ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 5 ԲՈՒՀ-ի  ռեկտորի,  բանկի վարչության 1 նախագահի նկատմամբ: