Երեւանում 2016թ. մարտի 14-ի երեկոյան անչափահասի սպանության գործով նիստին այսօր` հունվարի 17-ին, գործով վկաները կրկին չէին ներկայացել: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վկաներ Կարապետ Ավագյանին, Վարդան Սեմիզյանին, Արտեմ Աբովյանին եւ Գեւորգ Տեր-Փանոսյանին բերման ենթարկելու որոշում կայացրեց:
Վկաների բացակայության պատճառով նիստը հետաձգվեց մինչեւ փետրվարի 21-ը:
Նշենք, որ այս գործով դատավարությունն սկսվել է 2016թ. դեկտեմբերից, սակայն, մինչ այժմ վկաների հարցաքննության փուլն է:
Նարեկ եւ Դավիթ Պետրոսյաններին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2016թ. մարտի 13-ին` ժամը 21-ի սահմանում Երեւան քաղաքի Սարի Թաղի 5-րդ փողոցի 67 հասցեում գործող թիվ 47 դպրոցի մոտ վիճաբանության, ապա ծեծկռտուքի ժամանակ իրենց հետ նախապես վերցված «Թիթեռ» տեսակի դանակով կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ հարվածել են անչափահաս Ա. Բաղդասարյանի սրտին, ինչի հետեւանքով կարճ ժամանակ անց նա մահացել է: Բացի այդ դանակով դիտավորությամբ հարվածներ են հասցրել անչափահաս Սերգեյ Օսիպովին` նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 3 հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ), 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 կամ ավելի անձանց միջին ծանրության մարմնական վնաս պատճառելը):



























