Մոսկվայի Սոլնցեւյան շրջանային դատարանը որոշում է ընդունել Ռուսաստանի սահմաններից 40-ամյա «օրենքով գող» Գիզո Կարդավային, որը քրեական միջավայրում ավելի հայտնի է Գիզո Գալսկի անունով, հարկադիր արտաքսելու մասին, հայտնում է «Պրայմ-Կրայմ» գործակալությունը:

«Երկրի տարածքում նրա գտնվելու անցանկալիության մասին որոշումը՝ մուտք գործելու ցմահ արգելքով ստորագրել է անձամբ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը: Գիզո Կարդավան նախօրեին ձերբակալվել է «Վնուկովո» օդանավակայանում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նույն օրը օպերատիվ աշխատողների հսկողությամբ «օրենքով գողը» Ռուսաստանից Թուրքիա է ուղարկվել Մոսկվա-Ստամբուլ չվերթով: Գիզոյի կենսագրության մեջ այս արտաքսումն արդեն 5-րդն է:

Ինչպես նշում է գործակալությունը, ձերբակալվելիս «օրենքով գողը» վրացական նոր անձնագիր է ներկայացրել Գրիգորի Գվարամիա անունով, որը տրվել է Կիպրոսում Վրաստանի դեսպանատանը, որտեղ վերջին շրջանում հաստատվել էին Կարդավա եղբայրները:

«Մեր տեղեկություններով՝ «մինգրելյան» գողական կլանը, որին Գիզոն պատկանում է, նաեւ նրա հարազատ եղբայր Գելան եւ աներ Մերաբ Մզարելուան, ծրագրում է առաջիկայում ամբողջ կազմով հավաքվել Թուրքիայում»,- հայտնում է գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ բացառված չէ, որ գողական հավաքը նվիրված է Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդ, «օրենքով գող» Ասլան Ուսոյանի սպանության 5-րդ տարելիցին: