«Կցանկանայի, որ Հայաստանի մասին խոսելիս մեզանից ոչ ոք երբեւիցե չասեր «էս երկիրը», այլ ասեր «մեր երկիրը»։ Երկիր ունեմ, աշխարհը չունի»,- դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպումն այս խոսքերով սկսեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանը:
«Ես սրանով սկսում,սրանով էլ ավարտում եմ տարին՝ բոլորովին չնույնացնելով պետությունն ու իշխանությունը, իմ հայրենիքը եւ գործող համակարգը։ Բայց իմ լավատեսությունը ամենեւին չեմ կապում անցողիկ կատեգորիաների հետ։ Ես համոզված եմ, որ երկիրը զարգացման իր ներուժը չի կորցրել։ Ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր գտնում են, որ իրենց քրտինքը պետք է թափեն իրենց հողի վրա։ Մենք ուրիշ Հայաստան չունենք»,- ասաց Ալավերդյանը։
Անդրադառնալով քաղաքական տարվան՝ նա նկատեց, որ 2010-ը բավական տխուր տարի էր։ «Պաշտոնանակությունները լուծում չեն։ Իշխանությունն էլ զգում է սա, եւ նրա այս գործողությունները կոսմետիկ բնույթի են։ Իսկ ընդհանուր առմամբ, տարին մարդկային, գաղափարական, ժամանակի եւ այլ ռեսուրսների առումով մսխման տարի էր։ Մենք այս տարի չենք աշխատել, ոչ միայն Սեւանն է ճահճանում, այլ նաեւ մեր շուրջն ամեն բան»,- նկատեց Ալավերդյանը՝ ավելացնելով, որ Նոր տարում պետք է ավելի շատ եւ ավելի լավ աշխատել։
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի





























