Մահացած զինծառայող Սուրեն Մոսիյանի գործով կհարցաքննվեն նաև Արտաշատի զինկոմն ու զորակոչային բաժնի պետը:

Այս առնչությամբ, ՀՔԱՎ գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն նշվում է.

«Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 12-ին շարունակվել է զինծառայող Սուրեն Մոսիյանի մահվան գործի քննությունը:

Հիշեցնենք՝ Ս. Մոսիյանը մահացել է 2016 թ. մայիսի 29-ին. մարտական ծառայություն իրականացնելիս ինքնազգացողությունը վատացել է, եւ հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է:

Քրեական գործով նշանակված դատաբժշկական եւ ռազմաբժշկական համալիր փորձաքննությունների հիման վրա Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբանին մեղադրանք է առաջադրվել:

Փորձագիտական եզրակացության համաձայն՝ սրտաբան Սեդա Թադեւոսյանը կարող էր կանխատեսել այդ հիվանդությունը չբուժելու արդյունքում հնարավոր բացասական ելքերի, այդ թվում՝ մահվան առաջացումը:

Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստերի ընթացքում հարցաքննվել են զորակոչային հանձնաժողովում ընդգրկված բժիշկները: Նրանց մի մասը պնդում էր, թե Սուրեն Մոսիյանի մոտ արձանագրված 110 զարկը նորմայից շեղում չի համարվում, մյուսները հակառական էին պնդում:

Գործով դատակոչված վկաների հարցաքննությունն ավարտելուց հետո մեղադրող դատախազը միջնորդեց հարցաքննել նաեւ Արտաշատի զինկոմիսարիատի զինկոմին եւ զորակոչային բաժնի պետին»: