Պայթուցիկ տեխնիկայով զբաղվող ոստիկանությունը Հոնկոնգում հաջողությամբ վնասազերծել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ավիառումբ, որը նախօրեին հայտնաբերվել էր քաղաքի կենտրոնում  տեղակայված շինհրապարակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ ականազերծման գործողությունը տեւել է 12 ժամ։

«Այս գործընթացը սպասվածից ավելի բարդ էր եւ ավելի երկար տեւեց»,-ասել է սակրավորների խմբի  ավագ  Թոնի Չոուն: Նրա խոսքով՝ մասնագետները ստիպված են եղել մի քանի բացվածք անել ռումբի տակ գտնվող կորպուսի վրա, որպեսզի աստիճանաբար չեզոքացնեն պայթուցիկը։

Ռումբի երկարությունը 140 սմ է եղել եւ ունեցել է 45 սմ տրամագիծ, հայտնաբերվել է Վան Չայ շրջանում 15 մետր խորության վրա՝ մետրոյի նոր ուղղության շրջակայքում։

Մասնագետների գնահատմամբ՝ խոսքն ամերիկյան արտադրության 450 կգ կշռող  ANM-65 ռումբի մասին է, որն պարունակում է 225 կգ պայթուցիկ նյութ։