2017 թվականին «Զորաց քարեր» հուշարձանի պեղումների ժամանակ ավարտվել է կենտրոնական դամբարանադաշտի ուսումնասիրությունը, որի ընթացքում հետաքրքիր նյութեր են հայտնաբերվել. 4 կմախք, մ.թ.ա. 7-6-րդ դարերի կերամիկական իրեր, ապարանջաններ եւ այլ առարկաներ, որոնք խոսում են ակտիվ մշակութային կապերի մասին Իրանի հյուսիսարևմտյան շրջանների հետ: Այս մասին հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն» ծառայության գիտական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը:
Պեղումներ են իրականացվել նաև կլոր անցքերով քարերի շղթայի երկայնքով, և նրանց տակ 1,5 մետր բարձրությամբ պատ է հայտնաբերվել: Ըստ Աշոտ Փիլիպոսյանի՝ ակնհայտ է, որ այս շինությունը պաշտպանիչ նշանակություն է ունեցել և պաշտպանել է դամբարանադաշտն արեւելյան կողմից, որտեղից առավել հեշտ է մոտենալ հուշարձանին: Մյուս կողմերից այն պաշտպանված է խորը կիրճով եւ գետով:
Այժմ գտնված հնագիտական նյութը ուղարկվել է ուսումնասիրության, ինչից հետո միայն հայտնի կդառնա, թե երբ է պատը կառուցվել: Հնագետի կարծիքով՝ այն կառուցվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերում, այսինքն՝ հետուրարտական ժամանակաշրջանում՝ Երվանդունիների դինաստիայի օրոք: Պատասխանելով հարցին, թե քանի տարեկան են «Զորաց Քարեր» հուշարձանի տարածքում հայտնաբերված ամենահին գտածոները, Աշոտ Փիլիպոսյանը նշեց, որ ինքը ուսումնասիրել է այս հուշարձանի հետ կապված բոլոր նյութերը եւ իրենից առաջ արված բոլոր ուսումնասիրությունները, եւ ամենահին գտածոները մ.թ.ա 20-ից 18-րդ դարերի են պատկանում:
«Այսինքն, ամենաստորին պատմական շերտը երկրորդ հազարամյակի վերջին, առաջինի սկզբին է պատկանում: Այս ամբողջ ժամանակահատվածում մենք չենք գտել թեկուզ մեկ առարկա, կերամիկա, որը կպատկաներ կուր-արաքսյան դարաշրջանին: Ես չեմ ասում, որ այստեղ մինչ այդ բնակավայր չի եղել, սակայն մինչ օրս դա ապացուցող փաստական նյութեր մենք չունենք»,- ասաց նա: Գիտնականի կարծիքով՝ այստեղ կյանքը շարունակվել է ընդհուպ մինչեւ միջնադար: Պատասխանելով տարածքի՝ աստղադիտարան լինելու վարկածին՝ շոտ Փիլիպոսյանը նշեց, որ հնագետները պատմություն չեն ստեղծում կամ էլ կեղծում: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սա շատ կարևոր, շատ հետաքրքիր հուշարձան է, որը բնակելի հատված, դամբարանադաշտ ևս ունի, սակայն որևէ ապացույց, որ սա աստղադիտարան է, չկա», - ասաց նա: Աշոտ Փիլիպոսյանը նաեւ հիշեցրեց, որ բոլոր գերեզմանները սովորաբար Արեւելքից դեպի Արեւմուտք են ուղղված, ուստի մեր նախնիները, անշուշտ, պատկերացում ունեցել են աշխարհի կողմերի մասին, սակայն սա դեռ չի խոսում նրանց խորը աստղագիտական գիտելիքների մասին:
Հնագետները «պեղում» են «Հայկական Սթոունհենջի» գաղտնիքը (ֆոտո)































