Իսպանական «ԷՅ-ՍԻ-ԷՍ ԿՈԲՐԱ» (Cobra) ընկերությունը հետաքրքրված է «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագրով:

Այսօր՝ փետրվարի 16-ին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն  ընդունել է «ԷՅ-ՍԻ-ԷՍ ԿՈԲՐԱ» (Cobra) ընկերության տարածաշրջանային   տնօրեն Ալեխանդրո Ռոդրիգոյի գլխավորած   պատվիրակությանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը դրական է գնահատել իսպանական ընկերության՝ Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերին մասնակցության պատրաստակամությունն ու դրանց զարգացման հեռանկարները։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ալեխանդրո Ռոդրիգոն  Աշոտ Մանուկյանին ներկայացրել է իր ղեկավարած ընկերության գործունեությունը եւ խոսել զարգացման  առաջնահերթությունների մասին, ինչպես նաեւ քննարկել Հայաստանի հետ  էներգետիկայի  բնագավառում համագործակցության ծրագրերը:

Նա ընդգծել է, որ աշխարհի տարբեր երկրներում ավելի քան 300 մասնաճյուղեր ունեցող   «ԷՅ-ՍԻ-ԷՍ ԿՈԲՐԱ» ընկերությունը գործունեություն է  ծավալում  նաեւ էներգետիկայի  բնագավառում, մասնավորապես՝  մասնագիտացած է հիդրոկայանների,  արեւային կայանների,   էլեկտրահաղորդման գծերի կառուցման գործում: Ալեխանդրո Ռոդրիգոն նշել է, որ   ընկերությունը հետաքրքրված է «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագրով:

Աշոտ Մանուկյանը մանրամասներ է ներկայացրել հիդրոկայանի կառուցման ծրագրի վերաբերյալ: Նախարարն ընդգծել է, որ իրանցի գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք  բերվել, որ համապատասխան ֆինանսավորման դեպքում, հայկական կողմը եւս կարող է մասնակիցներ ներգրավել նախագծում։